Վուլվիտը` փոքրիկների մոտ․ ո՞ր հիգիենիկ կանոնները պետք է խստորեն պահպանել

3-6տարեկան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկական և դեռահասների գինեկոլոգ Մելանյա Դավթյանի հետ։  

Փոքրիկների մաշկն, ի տարբերություն մեծահասակների, ավելի նուրբ է, բարակ և խոցելի։ Բացառություն չեն կազմում արտաքին սեռական օրգանները։ Մինչ դեռահասային տարիքն իգական սեռի ներկայացուցիչների մոտ առկա են մի շարք նախատրամադրող գործոններ, որոնք կարող են առաջ բերել արտաքին սեռական օրգանների բորբոքում՝ վուլվիտ: Դրանց առաջին խմբում անատոմիական գործոններն են՝ հետանցքի և հեշտոցի մոտ տեղակայում, անբավարար զարգացած սեռական շրթեր ու ցայլքի մազածածկույթի բացակայություն, բարակ և զգայուն վուլվայի մաշկ: Երկրորդ խմբում հիգիենիկ գործոններն են՝ ձեռքերի վատ հիգիենա, ոչ բավարար կամ ոչ ճիշտ հիգիենիկ միջոցառումներ միզարձակումից կամ աղիների գործելուց հետո,  փրփուրով վաննաներ, օճառի ու այլ գրգռիչ նյութերի օգտագործում սեռական օրգանների շրջանում, իսկ երրորդ խմբում նեղ և սինթետիկ հագուստն է: Բացի նշվածներից, վուլվովագինիտի պատճառ կարող են լինել ճիճվակրությունը, միզուղիների վարակը, մանկական օնանիզմը, սեռական օրգանների զարգացման անոմալիաները, ատոպիկ դերմատիտը, ալերգիկ ռեակցիաները, որոնք հիմնականում պայմանավորվում են խոնավ անձեռոցիկների ու տակդիրների բաղադրության մեջ առկա հավելումներով։

Վուլվիտի հիմնական նշաններն են՝ արտաքին սեռական օրգանների քորը, այրոցը, դիսկոմֆորտի զգացումը, երբեմն էլ ցավը։ Տվյալ խնդիրը նորածինների մոտ ևս դիտվում է։ Ավելի հաճախ հանդիպում են բակտերիալ, սնկային, վիրուսային, ալերգիկ էթիոլոգիայի վուլվիտները։ Ամենից շատ գրանցվող բարդություններն են` բորբոքային պրոցեսի տարածումը դեպի միզուղիներ, հեշտոց և սեռական շրթերի հատվածներ։ Վուլվիտ ախտորոշումը դրվում է՝ հիմնվելով գանգատների և զննման արդյունքների վրա։ Բուժումը հիմնականում տեղային է ու կախված է պատճառագիտությունից, տարածվածությունից, բարդությունների առկայությունից կամ բացակայությունից, երեխայի տարիքից։

Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել  փոքրիկների ինտիմ հիգիենային։ Երեխայի սեռական օրգանները  լվանալուց առաջ հարկավոր է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Ամոթույքի շրջանն անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով, բացառապես առջևից հետ ուղղությամբ՝ խուսափելու համար աղիների միկրոֆլորայի տեղափոխումից դեպի վուլվա: Պետք է խուսափել փրփուրով վաննաներից և արտաքին սեռական օրգանների հատվածում օճառի կիրառումից, քանի որ դա կարող է չորացնել վուլվայի լորձաթաղանթն ու պատճառ դառնալ կպումների (սինեխիաների)։ Լվացումները հարկավոր է  կատարել օրական առնվազն երկու անգամ, մասնավորապես՝ աղիների գործելուց հետո։ Եթե երեխան դեռ օգտվում է տակդիրներից, ապա պետք է դրանք փոխել 2-3 ժամը մեկ։ Փոխելուց առաջ սեռական օրգանները  և հետանցքը լվանում են հոսող ջրով, 15-20 րոպե թողնում փոքրիկին առանց տակդիրի (օդային լոգանք)։ Հիգիենայի կանոններին հետևելը կարող է օգնել բուժման հարցում, սակայն պրոցեսի երկարաձգման կամ բարդությունների առաջացման պարագայում մասնագետին դիմելը պարտադիր է։