Մանկական խանդ․ արդյո՞ք վտանագավոր է այն և ի՞նչ պետք է անեն ծնողները

3-6տարեկան

Տասնամյա աղջիկը խանդում է, քանի որ իր երեք տարեկան եղբոր համար ավելի շատ են նվերներ գնում, քան իր։ Նորմա՞լ երևույթ է սա, ինչպիսի՞ զգացողություններ է ունենում փոքրիկը, որի սրտում «բույն է դնում» խանդը, կարելի՞ է վտանգավոր համարել այն և որքանո՞վ։

«Ժեստ»  հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը նշում է, որ անկախ նրանից՝ տանը կլինի երկրորդ երեխա, թե ոչ, բալիկին պետք է սովորեցնել ոչ միայն ստանալ, այլև տալ։ Երբ փոքրիկը հաճույք է ստանում դիմացինին անակնկալ մատուցելիս, ապա որոշակիորեն ապահովագրված ենք՝ երեխան չի ունենա խանդ տան մյուս փոքրիկի կամ այլ երեխաների հանդեպ, որի ծնողները նվերներ կգնեն։ Այսինքն՝ չի լինի ուրագի էֆեկտը՝ «միշտ դեպի ինձ, միշտ դեպի ինձ», այլ կգործի սղոցի՝ «մեկ դեպի ինձ, մեկ դեպի քեզ» սկզբունքը։

Ուշադրության կենտրոնում լինելն անձի բազային պահանջմունքներից է, որը ծնողների կողմից ստանում է իր բավարարումը։ Հաճախ վերջիններս դրսևորում են տվյալ պահանջմունքի բավարարման ծայրահեղ մոտեցումներ՝ հուզական սառնություն և  գերխնամք։ Մի դեպքում երեխան կարծում է՝ իրեն հասանելիք ուշադրությունը հասցեագրվել է մեկ ուրիշին, մյուս դեպքում՝ փոքրիկը սովոր է լինել հոգատարության  կենտրոնում, և դա հանկարծ տրվում է մյուս մարդուն, կիսվում է։ Հետևաբար, անչափ կարևոր է հոգածություն ցույց տալ փոքրիկին, սակայն միաժամանակ ձևավորել նրա մեջ միասին ուշադիր լինելու, միասին սիրելու հատկանիշը։

Երեխայի մոտ առկա խանդը կարող է ունենալ ինչպես արտաքին դրսևորումներ՝ ագրեսիա, նեղացկոտություն, խոսքի միջոցով խանդի հայտնում, այնպես էլ գաղտնի՝ պայմանավորված երեխայի առանձնահատկություններով։ Թաքնված խանդն ավելի մտահոգիչ է, որովհետև այդ պարագայում փոքրիկն իր հույզերը չի արտահայտում, այլ տրանսֆորմացնում է վարքի այլ ձևերի։ Բալիկի մոտ նկատվող ակտիվությունը, հուզականությունը, ներփակվածությունը չպետք է անտեսվեն։ Նա չի գիտակցում՝ ինչ է կատարվում իր հետ, մերթընդմերթ արժանանում է մեծահասակի մեղադրանքին, բայց իրականում ընդամենը հասկացված լինելու կարիք ունի։

Աննշան խանդը կարող է լուրջ դրսևորումներ ստանալ մեծահասակների կողմից թույլ տրվող սխալների, օրինակ՝ երեխաների միջև արվող համեմատությունների պատճառով։ Դրանով սկսում է զարգանալ խանդի տեսակը, որի հիմքում ընկած է թերարժեքությունը։ Առանձնացվում են խանդի այլ տեսակներ ևս։ Օրինակ՝ սեփականատիրական, երբ «աշխարհը միայն իմ շուրջն է պտտվում», «ամեն ինչ ինձ է պատկանում», կամ խանդ, որը  հիմնված է կորցնելու վախի վրա։ Չափավոր խանդը դրական առումով կարող է խթան հանդիսանալ և մոտիվացնել, սակայն չպիտի հասնի կետի, երբ ունենա ոչ կառուցողական ազդեցություն, վնասի ներաշխարհը, անդրադառնա դիմացինի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա, որի արդյունքում խաթարվի անձի ամբողջականությունը։

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան