Թույլ տա՞լ երեխային մուլտֆիլմ դիտել ուտելու ընթացքում, թե՞ ոչ․ հոգեբանի խորհուրդները

3-6տարեկան

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը։ 

«Երեխաս տիրապետում է օտար լեզվին մուլտֆիլմերի շնորհիվ»․ հազվադեպ չէ, որ տվյալ արտահայտությունը լսում ենք ծնողներից։ Անշուշտ, մուլտերը կարող են նպաստել փոքրիկի ունակությունների զարգացմանը, սերմանել նրա մեջ այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ պատասխանատվությունը, ինքնուրույնությունը, երախտագիտությունը։ Բայց ուշադրություն դարձնենք՝ կարող են, եթե ճիշտ են ընտրված և չեն չարաշահվում։ 

Դիտարկենք հետևյալ օրինակը․ ծնողը պատահական մուլտֆիլմ է միացնում բալիկի համար, որ վերջինս զբաղվի և շարունակի ուտելը։ Այստեղ թույլ է տրվում միանգամից երկու սխալ։ Նախ՝ մայրիկը կամ հայրիկը  մուլտֆիլմի բովանդակությանը և հերոսներին կարևորություն չեն տալիս։ Այնինչ, կերպարները  փոքրիկների համար մշտապես հանդիսանում են կրկնօրինակման մոդել։ Երբեմն ծնողն էլ երեխայի հետ դիտում է և ծիծաղում կերպարի վարքի վրա, սակայն բալիկի կողմից նման վարքագծի դրսևորումը դատապարտում է։ Այստեղ երեխայի մոտ առաջանում է հակասություն՝ տվյալ վարքն իրականում դրակա՞ն է, թե՞ ոչ։ 

Երկրորդը՝ մուլտֆիլմերի ուղեկցմամբ կամ առհասարակ հեռուստացույցի, հեռախոսի առջև սնվելը վնասում է փոքրիկին՝ հանգեցնելով անգամ սննդային խանգարման։ Տվյալ դեպքում փոքրիկը կենտրոնանում է ոչ թե սննդի, այլ էկրանի վրա, չի ունենում հագեցվածության զգացում, որի արդյունքում բախվում ենք բուլեմիայի և ճարպակալման խնդիրներին։ Ուտելիքի հետ մեկտեղ նա ընդունում է իրեն հրամցված պատկերային տեղեկատվությունը, որն իմաստ չի պարունակում։ Ստացվում է՝ երեխան սնվում է, սակայն «երկկողմանի վնասվում»։ Երեխաների լռությունը, որն արդյունք է տեխնիկայի առջև գամված վիճակի, միգուցե ապահովում է ընտանիքի անդամների «հանգստությունը», սակայն պետք է նկատել՝ փոքրիկի ներդաշնակ զարգացումը պահանջում է ակտիվություն, էներգիայի սպառում և «աղմուկ», ինչը կարող են ապահովել զարգացնող խաղերը։

Թե օրվա ընթացքում որքան ժամանակ թույլ տալ երեխային մուլտեր դիտել, ճշգրիտ ասել հնարավոր չէ։ Ժամանակահատված սահմանելիս հարկավոր է հաշվի առնել երեխայի տարիքը, առանձնահատկությունները, զարգացման մակարդակը, որպեսզի փոքրիկի համար մուլտֆիլմը լինի գիտելիքի աղբյուր, ոչ թե վնասի։ Միջինում ընդունելի կարող ենք համարել 30 րոպե առավելագույն ժամանակահատվածը։