Ամռան ընթացքում պետք է զգույշ լինել, քանի որ զանազան միջատները, մոծակները «զինված» սպասում են հարձակման և, իհարկե, թիրախավորում նաև երեխաներին:
«Մոծակներից կարելի է պաշտպանվել վանող հոտ արձակող միջոցների գործածմամբ, բնության գիրկ գնալիս փակ և բաց գույնի հագուստ կրելով, որովհետև մուգ գույները նրանց միանգամից գրավում են: Գիշերը կարելի է լույս արձակող միջոցներ օգտագործել նրանց հեռու քշելու համար: Նկատենք՝ ավելի շատ խայթում են գիշերը, որովհետև նրանց կենսական ցիկլն է այդպիսին․ ցերեկվա լուսավոր ժամերին քնել, պասիվ լինել, իսկ գիշերն արթնանալ ու ակտիվացած հոտառությամբ սնունդ հայթայթել, չէ՞ որ մարդու արյունը նրանց համար սնունդ է»,- ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը:
Մանկաբույժը նշում է, որ եթե մոծակը խայթել է, ու չկա տեղային ալերգիկ ռեակցիա, միայն կարմրություն, ապա բավական կլինեն խայթոցի տեղը մաքուր ջրով լվանալը և սառը թրջոց դնելը: Իսկ եթե կա արդեն ալերգիկ ռեակցիա, ապա անհրաժեշտ կլինի խորհրդակցել մասնագետի հետ: Տանն ապահովության համար կարող են պահել հակաալերգիկ քսուքներ, հակաալերգիկ դեղային միջոցներ: Երբեմն օգտագործում են նաև մածուն, այլ տնային միջոցներ` խայթոցների դեմ: Մածունը պահվում է սառնարանում և իր արդյունքով հավասարազոր է սառը թրջոցին: Առանձին դեպքերում, երբ ալերգիկ ռեակցիան դրսևորվել է ոչ միայն խայթոցի տեղում, այլև ամբողջ մարմնի վրա ցանի տեսքով, հատկապես՝ դեմքի, շուրթերի, ականջների հատվածում, անհրաժեշտ է միանգամից դիմել բժշկի: