Ինքնուրույն ուտելու ցանկությունը երեխաների մոտ ի հայտ է գալիս դեռևս 6-7 ամսական հասակից, երբ փոքրիկը ձեռքում բռնում է հացի փոքրիկ կտոր, ապա փորձում է ձեռքով ափսեից ուտելիքը վերցնել:
Այս ամենը դեպի սնվելու քաղաքակիրթ եղանակը տանող քայլեր են: Արդեն 1-1,5 տարեկան հասակում երեխան ձգտում է նաև սովորել գդալից օգտվել: Մայրիկը պետք է ուշադիր լինի և այդ պահը բաց չթողնի, քանի որ բաց թողնելու դեպքում երեխան մինչև 2-3 տարեկան սնվում է բացառապես մայրիկի ձեռքով` այլևս գդալին տիրապետելու ցանկություն չունենալով: Սկզբնական շրջանում թողեք երեխան ինքնուրույն փորձի գործածել գդալը: Երբ չստացվի, արդեն դուք բռնեք երեխայի ձեռքից և օգնեք, որ գդալով սնունդն իր բերանին հասցնի: Չմոռանաք գովել երեխային հաջողությունների համար: Նաև համակերպվեք, որ սկզբնական շրջանում երեխան սնվելիս կկեղտոտի և՛ իրեն, և՛ ձեզ, և՛ շրջակայքը: Երեխային աստիճանաբար պետք է սովորեցնել, թե ինչպես պետք է ճիշտ ուտի ու խմի, իրեն ճիշտ պահի սեղանի մոտ: Սկզբում մայրը երեխային պետք է սովորեցնի օգտվել գդալից: Սրա համար երեխայի ձեռքն են տալիս թեյի գդալ և սովորեցնում ապուր վերցնել գդալով:
Միաժամանակ մայրը երեխային կերակրում է երկրորդ գդալով: Սկզբում պարզապես պետք է հետևել, որ երեխան գդալը աջ ձեռքում պահի կամ ձախ ձեռքում, եթե ձախլին է։ Երբ երեխան արդեն սովորի գդալը գործածել և ինքնուրույն ուտել, կարելի է թույլ տալ, որ ինքնուրույն նաև ապուր ուտի. սա կարող է լավացնել երեխայի ախորժակը: Սկզբնական շրջանում թույլատրելի է, որ երեխան գդալը բռունցքի մեջ սեղմած պահի: 1,5-2 տարեկան հասակում արդեն երեխային պետք է սովորեցնել, որ գդալը պետք է բռնել պոչի մասից և երեք մատով` բթամատով, ցուցամատով և միջնամատով:
Երբ երեխան սովորի գդալը ճիշտ բռնել, արդեն պետք է սովորեցնել գդալով ճիշտ ուտել:
Պատառաքաղից օգտվել երեխային կարելի է սովորեցնել՝ սկսած երեք տարեկանից, երբ երեխան արդեն գիտակցում է, որ սուր առարկայով իրեն ծակելը վտանգավոր է: Երեխայի պատառաքաղը պետք է լինի փոքր և ոչ շատ սուր: Սկզբնական շրջանում փոքրիկին սովորեցնում են պատառաքաղից օգտվել աջ ձեռքով կամ ձախով, եթե ձախլիկ է։ Նաև բացատրում են, որ կախված սննդատեսակից, պատառաքաղը պետք է տարբեր կերպ բռնել ձեռքում:
Ավելի ուշ հասակում երեխային կարելի է սովորեցնել օգտվել նաև դանակից ու նաև արդեն պատառաքաղն օգտագործել ձախ ձեռքով: Երեխային պետք է նաև սովորեցնել, որ ուտելուց հետո գդալը, դանակը և պատառաքաղը դնի ոչ թե սփռոցին, այլ ափսեի մեջ: 3-4 տարեկան հասակից կարելի է երեխային նաև ընդհանուր սեղան նստեցնել` մեծահասակների հետ` նրա համար մշտական տեղ սահմանելով /ցանկալի է մոր ձախ կողմում/: Երեխային մասնակից դարձրեք նաև սեղանի պատրաստման գործին․ այս դեպքում նա ավելի ուշադրի կլինի մաքրությանը, սեղանի կարգ ու կանոնի հանդեպ, քանի որ ինքն էլ այդ գործում իր մասնակցությունն ունի: 4-ամյա փոքրիկը կարող է ինքը սեղանին դնել իր ափսեն, ճիշտ դնել իր պատառաքաղն ու գդալը:
Նյութը՝ ըստ www.kid.ru կայքի