Փոքրիկը հաճախ է հիվանդանում, դիմադրողականությունը ցածր է, իմունիտետը՝ թույլ: Ո՞րն է պատճառը և ի՞նչ գործողություններ ձեռնարկել:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը նշում է, որ պետք է ուշադրություն դարձնել երեխայի սննդին: «Օրգանիզմի բնականոն գործունեության և աճի համար կենսական անհրաժեշտություն են սպիտակուցները, որոնք օրգանիզմում ստեղծվում են միայն սննդի ստիպակուցներից: Փոքրիկի կերակրացանկում անհրաժեշտ է ներառել ոչ միայն կենդանական ծագման սպիտակուցներ (միս, ձու, թռչնամիս, պանիր), այլև բուսական (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ): Ամեն օր երեխայի ուտելիքի մեջ պետք է սպիտակուց լինի, և գոնե 2-3 անգամը՝ բուսական»,- ասում է նա:
Մասնագետի խոսքով՝ դիմադրողականության բարձրացման համար ուտելիքի մեջ շատ կարևոր է նաև օմեգա երեք ճարպաթթուն՝ ձկնեղենի, կտավատի ձեթի կամ ընկուզեղենի տեսքով։ Հավելում է՝ ձկնեղենի միջոցով էլ հնարավոր կլինի ստանալ վիտամին D, ինչը նույնպես իմունիտետի հիանալի «զինվոր է»: Հարկավոր է հիշել նաև բանջարեղենի տարբեր տեսակների մասին, քանի որ դրանք ևս վիտամինների հսկայական աղբյուր են:
«Երկրորդ քայլը կանոնավոր սնվելն է՝ օրվա ընթացքում 3-4 անգամ: Դրա կողքին ավելացնում ենք ֆիզիկական ակտիվությունը, որը երեխայի առողջության պահպանման էական բաղադրիչն է»,- ընդգծում է Վարդանուշ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ պետք է պահպանել նաև քնի նորմալ ռեժիմը, երեխային պարբերաբար տանել զբոսանքի և խիստ սահմանափակել քաղցրեղենի չափաբաժինը: