Երեխայի կոկորդում առաջացող ցավի բնույթի և բուժման մեթոդների մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ռինո» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանի հետ:
Ցավ երեխայի կոկորդում. պատճառները…
Փոքրիկների, դեռահասների շրջանում կոկորդում առաջացող ցավը հաճախ պայմանավորված է լինում վերին շնչուղիների սուր վիրուսային վարակով, սակայն նույն ախտանշանով է սկսվում նաև նշիկաբորբը՝ հարուցված մանրէներով: Ցավի պատճառ կարող են լինել մեխանիկական և ջերմային վնասվածքները։ Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխայի գանգատին, եթե այն երկարատև է կամ հաճախ է կրկնվում։
Ի՞նչ գործողություններ իրականացնել և չիրականացնել, երբ ցավում է փոքրիկի կոկորդը
Մինչև 6 տարեկան երեխաներին արգելվում է օգտագործել տեղային կիրառման ցողաշիթ։ Վերին շնչուղիների սուր վիրուսային վարակով պայմանավորված կոկորդացավը սովորաբար տևական չէ և նշանակալի միջամտություն չի պահանջում, ջերմության պարագայում տրված ջերմիջեցնողները ընդհանուր առմամբ մեղմում են ցավը։ Տնային միջոցներից ցավը մեղմելու ամենալավ տարբերակը ցավը չհրահրելն է: Չեն խրախուսվում շատ տաք ըմպելիքները և լիմոնը, քանի որ յուրաքանչյուր գրգռիչ թվացյալ մեղմացումից հետո առաջացնում է ավելի ուժեղ ցավ, այտուց։ Մինչև 5-6 տարեկան բալիկների մոտ հաճախ կարելի է նկատել նշիկների չափսերի մեծացում, այտուց, որը նույնպես կարող է հանգեցնել ցավի՝ առանց ջերմության բարձրացման կամ այլ սիմպտոմների։ Որոշ դեպքերում էլ որոշում են օգտագործել ռեհանի ջուր, դոշաբ կամ մեղր: Ռեհանի ջուրն անվնաս է: Եթե մեծ օգուտ չկա, վնաս էլ չի լինի: Նույնը դոշաբի և մեղրի պարագայում: Եթե երեխան շաքարային դիաբետ չունի, ալերգիկ չէ, մեղրը թույլատրելի է: Կոկորդի ցավի բուժման հարցում վերջիններիս օգտակարության մասին հստակ հետազոտություններ չկան:
Ո՞ր դեպքերում է երեխային բժշկի տանելը դառնում անհրաժեշտություն
Ծնողները պետք է անհապաղ դիմեն բժշկի, երբ երեխայի մոտ կա խոսքի փոփոխություն և կլման ակտի բացակայություն։ Եթե երեխայի մոտ կա տենդ, տհաճ հոտ բերանից, որը նախկինում չի նկատվել կամ հեղուկ կուլ տալու անհնարինություն, դարձալ դիմում ենք բժշկի: Փոքրիկին անմիջապես հիվանդանոց տանելու պատճառ է նաև քիմիական այրվածքը։ Երեխաները հաճախ անզգուշորեն խմում են այս կամ այն գունավոր, սխալ տարայի մեջ եղած հեղուկը, ուստի ծնողները պետք է ալկոհոլային խմիչքները չպահեն երեխային հասանելի վայրում, ջրի տարայի մեջ, իսկ կենցաղային քիմիայի տարաները պետք է լինեն բալիկին անհասանելի տեղերում։ Երեխայի հետաքրքրությունը շրջակա աշխարհի նկատմամբ լի է վտանգներով: Երբեմն ժամանակին կատարվող հոսպիտալացումը ոչ միայն արագ բուժում է փոքրիկին, այլև փրկում է նրա կյանքը։
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան