Ի՞նչ է բրոնխիտը, ո՞րն է առաջացման պատճառը և ինչպե՞ս է բուժվում

Խնամք

Բրոնխիտը շնչառական համակարգի տարածված հիվանդություններից  է։ Երեխաների շրջանում հիվանդությունը հաճախ է հանդիպում։

Բրոնխիտի սկզբնական փուլում հիվանդը հաճախ գանգատվում է քնի որակից: Գիշերվա ընթացքում ունենում է չոր հազ, որը հետո վերածվում է թաց հազի։ Հիվանդը զգում է հոգնածություն, մարմնի ջերմաստիճանը փոքր-ինչ բարձրանում է:

Արաբկիր բժշկական կենտրոնի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի խոսքով՝ բրոնխիտը երեխաների մոտ հանդիպում է հետևյալ ձևերով՝

սուր-հասարակ բրոնխիտ
սուր բրոնխիոլիտ
կրկնվող բրոնխիտ 

Սուր-հասարակ բրոնխիտի հիմնական ախտանշանը հազն է, որը սկզբում չոր է։ Հիվանդության երկրորդ շաբաթում հազը դառնում է փափուկ, թաց։ Շնչառությունը սուլոցով է և չոր խզոցներով։ Ջերմային ռեակցիան տևում է մի քանի օր։ Արտահայտված շնչառական անբավարարություն չի նկատվում։

Սուր բրոնխիոլիտի դեպքում հիմնականում ախտահարվում են բրոնխները և բրոնխիոլները: Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, սակայն կարող է նաև սկսվել միանգամից: Առաջանում է հազ, որը երբեմն վերածվում է նոպայի: Երեխայի մոտ երբեմն առաջանում է շնչառական անբավարարություն, նկատվում է մաշկի կապտում, մարմնի ջերմությունը փոքր-ինչ բարձրանում է: Արյան հետազոտությամբ առանձնակի փոփոխություններ չեն հայտնաբերվում, իսկ ռենտգենաբանական հետազոտության ժամանակ հայտնաբերվում  է թոքերի տարբեր աստիճանի փքում: 

Կրկնվող բրոնխիտը ախտաբանական վիճակ է, որը տարվա ընթացքում կրկնվում է 3-4 անգամ: Արտահայտվում է ջերմության չափավոր բարձրացումով, մեծամասամբ թաց հազով, որը տևում է 3-4 շաբաթ:  Հազն առաջանում է հաճախ աննշան մրսելու, ֆիզիկական ծանրաբեռնության դեպքում: 

Բրոնխիտը զարգանում է ամենատարբեր վիրուսային և մանրէական վարակներից: Ակնհայտ  է  նաև բրոնխիտով հիվանդացության կապը տարվա եղանակների հետ: 

Բրոնխիտի նկատմամբ հատկապես նախատրամադրված են այն երեխաները, որոնց մոտ առկա է ալերգիկ դիաթեզ, ռախիտ, քրոնիկ տոնզիլիտ:

Ըստ մանկաբույժի՝ երեխաների կյանքի առաջին տարում հիվանդությունը հաճախ արտահայտվում է բրոնխիոլիտի ձևով, իսկ նախադպրոցական և հատկապես բարձր տարիքի երեխաների դեպքում՝ տրախեոբրոնխիտի ձևով:

Տրախեոբրոնխիտի հիմնական ախտանշանը հազն  է, որը սկզբում չոր է: Այն ուղեկցում է ճնշման զգացումով կամ հետկրծոսկրային ցավերով: Հիվանդության երկրորդ շաբաթում հազը դառնում է փափուկ, թաց: Հազի տևողությումը 2-3 շաբաթ է: Երբեմն կարող է լսվել չոր խզոցներով, կոշտացած շնչառություն:

 

Բուժում

 

Հակաբիոտիկները ցուցված են միայն մանրէական կամ խառը բնույթի սուր բրոնխիտների դեպքում։ Սուր-հասարակ բրոնխիտների դեպքում դրանք հիմնականում չեն օգտագործվում: Նշանակվում են այն դեպքում, երբ բժիշկը  չի կարողանում ժխտել թոքաբորբը։ Կիրառվում են խորխաբեր միջոցներ, տաք և քրտնաբեր բուժամիջոցներ (ոտքերի տաք լոգանքներ, մանանեխային սպեղանի), առատ տաք հեղուկներ,  հանքային ջրեր։ Սրտամկանի կծկումների հաճախականության ավելացման դեպքում սրտային դեղամիջոցներ են նշանակվում։ Շնչուղիներում կուտակված լորձն անհրաժեշտ է հեռացնել։ Որոշ դեպքերում շնչառական անբավարարությունն այնքան է ուժեղանում, որ արհեստական շնչառության անհրաժեշտություն է լինում: 

Դեղամիջոցների  հետ մեկտեղ հիվանդին անհրաժեշտ է՝ 

լիարժեք հանգիստ, երկարատև քուն,
սննդակարգից բացառել կծու սնունդը,
օդափոխել հիվանդի սենյակը։
 

Բրոնխիտի կանխարգելում

 

Անհրաժեշտ է ճիշտ ժամանակին ընդունել գրիպի դեմ պատվաստումները, հետևել անձնական հիգիենայի կանոններին, մասնավորապես՝ հաճախ լվանալ ձեռքերը:

 

Հեղինակ՝ Գեղեցիկ Ոսկանյան