Հիմի՞ էլ լռենք

Ժամանց

Հիմի է՞լ լռենք, եղբարք, հիմի է՞լ,

Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,

Իր օրհասական սուրը՝ մեր կրծքին,

Ականջ չի դնում մեր լաց ու կոծին:

Ասացե՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք,

Հիմի է՞լ լռենք:

 

Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին

Դավով, հրապուրքով տիրեց մեր երկրին,

Ջնջեց աշխարհից Հայկա անունը

Հիմքից կործանեց Թորգոմա տունը:

Խլեց մեզանից թա՛գ, և՛ խոսք, և՛ զենք,

Հիմի է՞լ լռենք:

 

Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին

Խլեց մեր սուրը՝ պաշտպան մեր անձին,

Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,

Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց:

Վա՜յ մեզ, շղթայով կապված գերի ենք,

Հիմի է՞լ լռենք:

 

Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին

Սոսկալի զենքը բռնած մեր գլխին՝

Կուլ տալ է տալիս արտասուք առատ՝

Աղեխարշ բողոք վարուց ապիրատ:

Մեր գլուխ լալու Եփրատ ո՛ւր փնտրենք,

Հիմի է՞լ լռենք:

 

Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին

Լիրբ գոռոզությամբ լցրած իր հոգին՝

Արդարության ձայնը հանած իր սրտից՝

Արտաքսում է մեզ մեր բնիկ երկրից:

Պանդո՜ւխտ, հալածյալ եղբարք, ո՞ւր դիմենք,

Հիմի է՞լ լռենք:

 

Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին

Անգոհ մեր բերած ծանր զոհերին,

Յուր լիրբ նզովյալ ձեռքը կարկառեց,

Ազգությանս վերջին կապը պատառեց:

Հայի կորուստը մոտ է, ի՞նչ անենք,

Հիմի է՞լ լռենք:

 

Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին

Արհամարհելով մեր փառքն ազգային,

Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,

Գառնազգեստ գայլին մեզ գլուխ դրավ:

Սուրբ խորան չունենք, արդ ո՞ւր աղոթենք,

Հիմի է՞լ լռենք:

 

Հիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կասեն,

Երբ մեր տեղ քարինք, ապառժք խոսեն,

Չե՞ն ասիլ, որ Հայք արժանի էին

Այդ ստրկական անարգ վիճակին:

Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք,

Մինչև ե՞րբ լռենք:

  

Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը,

Կամ՝ որոց քաղցր է թշնամու լուծը,

Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ,

Ե՛կ, անվախ ելնենք թշնամու առաջ:

Գոնե մեր փառքը մահով հետ խլենք

Ու այսպես լռենք:

  

 

Ռափայել Պատկանյան