Պարսից թագավոր Շապուհը տեսնում է, որ չի կարողանում հնազանդեցնել Հայոց արքա Արշակ Բ-ին, որոշում է այլ ճանապարհով նրան բերել իր մոտ: Մեծ ընծաներով, հրովարտակներով պատգամավորներ է ուղարկում Արշակի մոտ, սիրով ու աղաչանքով խնդրում նրան գալ Պարսկաստան, որպեսզի խաղաղության դաշինք կնքեն:
Արշակ թագավորը թեպետ հաշտության կողմնակից չէր, ստիպված ընդունում է, քանի որ տեսնում էր՝ զորքը հոգնել է կռիվներից: Շապուհից հավատարմության երդումը ստանալուց հետո վերցնում է Վասակ սպարապետին և ճանապարհ ընկնում: Այնտեղ Շապուհը Արշակին և Վասակին հանձնում է իր ազնվական թիկնապահ գնդին, որ նրանց պահեն ազատ, բայց հսկողության տակ: Այդ ընթացքում իր մոտ է կանչում հմայող կախարդներին, աստղագետներին ու աստղագուշակներին և խորհուրդ հանցնում՝ ինչպես ստուգի թագավորին: Հայոց արքային փորձելու նպատակով նա աստղագուշակների և հմայողների խորհրդով Հայաստանից բերել է տալիս հող ու ջուր, հրամայում սենյակի հատակի կեսը ծածկել բերված հողով և ջուր շաղ տալ վրան: Արշակ թագավորին կանչել է տալիս իր մոտ, մնացած պալատականներին հեռացնում սենյակից, բռնում է Արշակի ձեռքը, ճեմում ընդարձակ սենյակում և բարեկամաբար հետը զրուցում: Երբ ճեմում են պարսկական հողի վրա, Շապուհը դիմում է Արշակին հետևյալ հարցով․
- Արշակ թագավոր հայո՛ց, դու ինչու՞ ինձ թշնամի դարձար, չէ՞ որ ես քեզ որդու պես էի սիրում, կամեցա նույնիսկ աղջկաս քեզ կնության տալ: Իսկ դու հակառակ իմ կամքի՝ արդեն ինչքան ժամանակ է պատերազմ ես մղում իմ դեմ:
Արշակը համեստորեն պատասխանում է․
- Հանցավոր եմ քո առաջ: Ես եկա ու քո թշնամիներին հաղթեցի, հույս ունեի քեզանից մեծ պարգևներ ստանալ, բայց ինձ մոլորեցրին ու ստիպեցին փախչել: Իմ երդումը, որով քեզ երդվեցի, ինձ քո առաջը բերեց: Ես ահա եկել եմ քո առաջ, քո ծառան եմ:
Շապուհն այնուհետև, միամիտ ձևանալով, ճեմելով բերում է նրան, կանգնեցնում հայկական հող ու ջուլ լցրած հատակի վրա: Երբ Արշակը ոտքը դնում է հայկական հողի վրա, լրիվ կերպարանափոխվում է, ըմբոստանում, հպարտ կեցվածք ընդունում և խրոխտ հանդիմանությամբ դիմում Շապուհին․
- Հեռու՛ ինձանից, չարագործ ծառա՛, որ այսօր քո տերերի վրա տեր ես դարձել, հափշտակել նրանց գահը: Ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը: Դուք՝ ծառաներդ, մեր Արշակունիների՝ ձեր նախկին տերերի, գահն եք հափշտակել, ես այդ թույլ չե՛մ տա, մենք պետք է մեր տեղը գրավենք:
Շապուհը, Արշակի ձեռքը բռնած, դարձյալ տանում է պարսկական հողի վրա: Ոտքը դնելով պարսկական հողին՝ Արշակը սկսում է զղջալ իր ասածների համար, խոնարհվում է ու ներողություն խնդրում: Իսկ Շապուհը նրան նորից տանում է հայկական հողի վրա, ուր Արշակը սկսում է նախկինից ավելի խիստ և դաժան խոսքեր ուղղել պարսից թագավորին: Շապուհը կրկին է Արշակին բերում պարսից հողի վրա, որտեղ դարձյալ Արշակը զղջում է ու ապաշխարում:
Այսպես՝ Շապուհն ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, բազմիցս փորձում է հայոց թագավորին, և ամեն անգամ հայկական հող ու ջրի վրա Արշակն արքայական հպարտությամբ ու խիստ խոսքերով դատապարտում է պարսից թագավորին, իսկ պարսից հողի վրա՝ զղջում:
Երեկոյան ընթրիք է կազմակերպվում: Շապուհը հրամայում է ամենաբարձր տեղում իր բազմոցը դնել, որից հետո հերթականությամբ շարել մնացած թագավորների բազմոցները, հայոց թագավորինը դնել բոլորից վերջը, ներքևում և տակը հայկական հող ու ջուր շաղ տալ: Երբ բոլորը հրավիրվում են ընթրիքի, ու յուրաքանչյուրը բազմում է ըստ իր աստիճանի, բերում են Արշակ թագավորին և բազմեցնում վերջում՝ իրեն հատկացված տեղում: Արշակը մի պահ ուռած-փքված նստում է, բայց հետո ընդոստ ոտքի է ելնում և խրոխտ դիմում Շապուհին․
- Ի՛մն է այդ տեղը, որտեղ բազմել ես դու: Վեր կաց անմիջապես, որ ես այդտեղ բազմեմ, դա մեր տոհմի տեղն է եղել: Եթե իմ երկիրը հասնեմ, ապա քեզանից խստությամբ վրեժ կլուծեմ:
Շապուհն անիջապես հրաման է տալիս շղթաներ բերել, կապել Արշակին և բանտարկել նրան հեռավոր Անհուշ բերդում:
Ավանդազրույցը գրի է առնվել պատմագիր Փավստոս Բուզանդի կողմից: Զրույցի գաղափարն է՝ մարդն իր հայրենիքում, իր հողի վրա է ազատ և համարձակ, հետևաբար պետք է սրբությամբ պահպանել հայրենի հողը: