Չորս եղանակ քույրիկները․ հեքիաթ

Ժամանց

Ժամանակին կային չորս եղանակ քույրիկներ՝ Ծաղիկը, Արևիկը, Ոսկեհատը և Ձյունիկը: Տարի մայրիկը նրանցից ամեն մեկին հանձնարարություն տվեց․

- Աղջի՛կս,- ասաց նա Ծաղիկին,- ուր էլ գնաս, ժպիտ ու գեղեցկություն տարածիր շուրջդ:

Ծաղիկն իսկույն դուրս թռավ՝ մոր պատվերը կատարելու: Ուր էլ գնաց, ծիլ ու ծաղիկ բաց արեցին իրենց աչուկները: Թռչունները սկսեցին ուրախ ծլվլալ: Առվակները կարկաչեցին: Մայրիկը շատ գոհ մնաց և նրան կանաչ զգեստ նվիրեց:

Տարի մայրիկն Արևիկին արդեն պատվիրեց հասունացնել բերքը: Արևիկի տաք շնչով արտերի ու այգիների բերքը հասունացավ: Տարի մայրիկը շատ ուրախացավ և Արևիկին կարմիր զգեստ նվիրեց: Ոսկեհատը մայրիկի պատվերով պտուղները հյութով լցրեց, օդը զովացրեց, տերևները գույնզգույն ներկեց: Մառանները լցրեց առատ բերքով: Տարի մայրիկը Ոսկեհատին ոսկեգույն զգեստ նվիրեց:

Ձյունիկն էլ հետ չմնաց իր քույրերից: Ձյունով ծածկեց դաշտերն ու այգիները: Բույսերը խոր քուն մտան ձյան տաքուկ վերմակի տակ: Ձյունը նաև ուրախ խաղեր բերեց փոքրիկներին: Տարի մայրիկը Ձյունիկի աշխատանքից էլ գոհ մնաց և նրան փայլփլուն աստղիկներով ճեփ-ճերմակ զգեստ նվիրեց:

Եվ այսպես ամեն տարի չորս քույր-եղանակներն իրար հետևից գալիս են ու սիրով կատարում իրենց պարտականությունները:       

 

 

 

Հեքիաթի աղբյուր՝ «Այբբենարան»