Ամպե ձին․ բանաստեղծություն

Ժամանց

Թուխպն ամպին ասաց.- Ամպ,

Դու ձի դարձիր, ես էլ՝ թամբ:

Այն ամպիկը գորշ ու թաց

Դառնա հեծյալ, նաև՝ սանձ:

Անցնենք մանկաց անրջով,

Ծիածանի կամրջով,

Նմանվենք գիժ-խելառի՝

Իջնենք ձորը Գետառի,

Հասնենք շերտերը վերին,

Ողջունենք մայր Արևին,

Ճեղքենք ամպերը մեր թաց,

Մտնենք գյուղը սրընթաց,

Անցնենք այգով ու բակով

Լույսեր վառենք սմբակով:

Լիցքավորվենք այնքան շատ,

Որ որոտանք, դառնանք շանթ,

Խառնվենք բյուր ամպերին,

Անձրև բերենք հանդերին:

Անձրև դարձան, թափվեցին

Ամպե թամբն ու ամպե ձին:

 

Հենրիկ Բաբաջանյան