Այգին, աշնա՜ն այգին՝
Տաք գույներով, բույրով,
Գիրկն է կանչում կրկին
Հազար հրապույրով։
Կաթ-կաթ՝ տանձն է կաթում՝
Շեկ արտերին ցողիկ,
Ընկույզներն են՝ տուկ-տուկ,
Ընկնում խոնավ հողին։
Փշատն է ծիկ անում.
Ալրոտ են աչք և ունք,
Շաղն է նստել դեղձի
Դեմքին՝ հուլունք-հուլունք։
Տերևների քողով
Նուռն է դեմքը փակում
Ու կանչում է. — Քաղվո՛ր,
Հասի՛ր, սիրտս է ճաքում։
Իսկ այգեպան քեռին
Քայլում է գոհ ու լուռ․
Խնդություն է համակ
Նրա սիրտը մի բուռ։
Լիպարիտ Սարգսյան