Լոլիկ․ ե՞րբ ընդգրկել երեխայի սննդացանկում ու ի՞նչ ձևով

Սնունդ

Լոլիկը հարուստ է B1, B2, PP, K վիտամիններով, պղնձով, երկաթով, կալիումով, կալցիումով, ցինկով, մագնեզիումով, յոդով և շատ այլ արժեքավոր տարրերով:

Հատկապես յոդը կարևոր է, քանի որ խթանում է վահանաձև գեղձի գործունեությունը: Լոլիկի բաղադրության մեջ հնարավոր է գտնել լիկոպեն կոչվող նյութը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, կանխում օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը։ Նրա պեկտինն ու ֆիտոնցիդները մարսողական և արտազատական համակարգերի կատարյալ օգնականներն են։ Լոլիկի վառ, գեղեցիկ գույնը պայմանավորվում է կարոտինի և կարոտինոիդների ներկայությամբ: Վերջիններս անհրաժեշտ են վիտամին A-ի սինթեզի համար։ Միևնույն ժամանակ, հենց կարոտինոիդների բարձր կոնցենտրացիայի պատճառով է, որ լոլիկը հաճախ ալերգիկ ռեակցիաներ է առաջացնում երեխաների մոտ, ուստի պետք է ծայրահեղ զգուշությամբ այն ներմուծվի մանկական սննդի մեջ:

Մանկաբույժները խորհուրդ են տալիս լոլիկը երեխայի ռացիոն ներմուծել 10 ամսականից ոչ շուտ: Սկզբում այն պետք է տրվի միայն մշակված վիճակով՝ խյուսերի և ապուրների մեջ։ Բալիկին բանջարեղենային խյուսից տալիս են կես թեյի գդալ և օրվա ընթացքում ուշադիր հետևում օրգանիզմի արձագանքին: Եթե ​​փոփոխություններ չեն հայտնաբերվում, երեխան կենսուրախ է, ստամոքսաղիքային տրակտի աշխատանքն առաջվա պես է, կարելի է ավելացնել չափաբաժինը՝ դարձնելով մեկ թեյի գդալ: Լոլիկի նկատմամբ ալերգիան կարող է դրսևորվել տվյալ նշաններով՝ ցան մաշկի վրա, այտերի կարմրություն, քոր, որովայնացավ, քթահոսություն, ուժեղ անհանգստություն, դյուրագրգռություն: Երբ ​​երեխան փորլուծության հակում ունի, երիկամների հետ կապված խնդիրներ կամ արդեն բացասական արձագանք է ցուցաբերել այլ մթերքի նկատմամբ, ապա պետք է լոլիկը ռացիոնում ներառելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։

Նախընտրելի է սպասել և լոլիկն օգտագործել հենց իր սեզոնին, քանի որ բնական ճանապարհով աճեցված պտուղներն են պարունակում ամենամեծ քանակությամբ վիտամինները, չեն պարունակում առողջության համար վնասակար նյութեր։ Լոլիկը կարելի է համատեղել ցանկացած բանջարատեսակի՝ դդմիկի, գազարի, բրոկկոլիի, կարտոֆիլի հետ: Եթե մայրիկը որոշել է ապուրին լոլիկ ավելացնել, ապա ապուրը չպետք է պարունակի կաթ։ Նման համադրությունը բացասաբար է անդրադառնում աղիների աշխատանքի վրա։ Ձիթապտղի ձեթով է լոլիկն ավելի արագ ու լավ մարսվում։ Պետք չէ լոլիկը համադրել ձկան, հացի հետ, որովհետև դա դանդաղեցնում է մարսողությունը և ավելացնում ծանրությունը որովայնում։ Ջերմային մշակման համար խորհուրդ չի տրվում օգտագործել ալյումինե սպասք, քանի որ բանջարեղենի մեջ պարունակվող թթուն փոխազդում է մետաղի հետ, վատ քիմիական նյութերը սկսում են անցնել սննդի մեջ: