Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սվսվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ տերևն է սվսվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ թռչնակն է ծլվլում,
Ո՛չ տերևն է սվսվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակն է վազ տալի,
Ո՛չ թռչնակն է ծլվլում,
Ո՛չ տերևն է սվսվում,
Ո՛չ արևն է երևում․
Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ որսորդն է ման գալի,
Ո՛չ նապաստակն է վազ տալի,
Ո՛չ թռչնակն է ծլվլում,
Ո՛չ տերևն է սվսվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ, որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։
Հովհաննես Թումանյան