Փիսիկը նստել
Մի մութ անկյունում,
Հոնքերը կիտել
Ու լաց է լինում։
Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
- Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսո ջան, դու…
- Հապա ի՞նչ անեմ,
Որ լաց չլինեմ, -
Գանգատ է անում
Փիսոն տխրադեմ։ -
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,
Գնաց տատի մոտ,
Ինձ վրա դրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած՝
Ինձ են ման գալիս՝
Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
«Ո՞ւր է, - ասում են, -
Ո՞ւր է գող Փիսոն.
Ա՜խ թե մի գտանք,
Մածո՛ւն ցույց կտանք…»։
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ,
Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չլինեմ…
Ու Փիսոն նստել
Մի մութ անկյունում,
Հոնքերը կիտել
Ու լաց է լինում։
Հովհաննես Թումանյան