Մի մարդ ուներ երկու որդի։ Կանչում է տղաներին իր մոտ և ասում․
- Երբ ես այլևս չլինեմ, բաժանեք ունեցվածքը հավասար։
Հորից հետո որդիները չեն կարողանում կիսել ժառանգությունն առանց վեճի ու որոշում են գնալ հարևանի մոտ՝ խորհուրդ ստանալու։ Հարևանը հարցնում է․
- Ի՞նչ է ասել ձեր հայրը։
- Հայրիկը պատվիրել է կիսել ամեն ինչ,- պատասխանում են նրանք։
Հարևանը մտածում է ու հայտարարում․
- Ուրեմն սկզբում հավասարաչափ պատռեք բոլոր զգեստները, այնուհետ հավասարաչափ կոտրեք սպասքը, վերջում նույն սկզբունքով բաժանեք ընտանի կենդանիները։
Եղբայրները լսում են հարևանին ու արդյունքում մնում են ձեռնունայն։
Առակը ցույց է տալիս, որ հիմարությունն ու ագահությունը մարդու թշնամիներն են, դարձնում են նրան խոցելի և հասցնում զրոյական կետի: Մարդը պետք է գնահատի ուրիշների կատարած աշխատանքը, ընդունի ստացածն ամենայն պատասխանատվությամբ ու երախտագիտությամբ, ինչպես նաև ապրի խաղաղ, սիրով և կարողանա համաձայնության գալ: