Խաղ մրգերով
Սեղանին դրված մրգերի, օրինակ՝ նարինջների միջոցով կարելի է կազմակերպել երկու խաղ։ Առաջին խաղի համար մասնակիցները բաժանվում են զույգերի, և յուրաքանչյուր զույգին տրվում է մեկական նարինջ։
Այն պետք է սեղմել ու պահել այտերով կամ ուսերով։ Այնուհետև երաժշտություն է միացվում, ու մասնակիցներն ակտիվորեն շարժվում են, պարում՝ փորձելով նարինջը տեղում պահել։ Նարինջը բաց թողած զույգը դուրս է մնալու խաղից։
Երկրորդ խաղի պարագայում երեխաները բաժանվում են թիմերի։ Ամեն թիմ ստանում է իր նարինջը, որը շարքի առաջին մասնակիցը կզակով սեղմում է։ Ազդանշանը լսելուց հետո բալիկները սկսում են միմյանց փոխանցել նարինջը՝ առանց ձեռքերն օգտագործելու։ Հաղթում է այն թիմը, որն ավելի արագ է կարողանում նարինջը հասցնել շարքի վերջին մասնակցին։
Կանխատեսումներ
Յուրաքանչյուրին հետաքրքրում է՝ կիրականանա՞ արդյոք ծրագրվածը, և ի՞նչ է բերելու, օրինակ, այս տարին։ կզբում վերցնում ենք գլխարկ կամ տոպրակ, դրանում տեղադրում ներկաների անուններով թղթի կտորներ։ Ապա այլ թղթիկների վրա գրում ենք մեր հարցերն ու ցանկությունները։ Հարցերը կարող են լինել այսպիսին.
- Ո՞վ կշահի վիճակախաղի տոմս:
- Ովքե՞ր կունենան ամենալավ նորությունները։
- Ո՞վ է լավ սովորելու դպրոցում:
- Ո՞վ կդառնա հայտնի:
- Ովքե՞ր են սպորտային մրցանակներ շահելու:
- Ո՞վ կստանա ամենաշատ նվերները:
- Ո՞ւմ է սպասվում հաճելի անակնկալ։
- Ո՞վ է ճանապարհորդելու:
Ընտրում ենք օգնական, որը, նախ, կարդում է հարց-մաղթանքներից մեկը, այնուհետ թղթիկ հանում գլխարկի միջից, որպեսզի տեսնենք՝ ում է ուղղվում: Զրուցում ենք միասին, թեման ծավալում, խոսում մեր անելիքների մասին:
Վարդագույն տուփ
Խաղավարը պատրաստում է վարդագույն տուփ, որի մեջ թաքնված կլինի նվեր-առարկա (պարտադիր չէ, որ տուփը լինի վարդագույն, կարող է ընդհանրապես տուփ էլ չլինել, գլխավորը՝ տարան անթափանց լինի և ցանկալի իրն ամբողջությամբ տեղավորվի նրանում): Տան հյուրերը, երեխաները պետք է ընդամենը ենթադրեն, փորձեն գուշակել՝ ինչ կա արկղում: Խաղը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը կռահի: Հաղթողը, որպես մրցանակ, վերցնելու է վարդագույն արկղի պարունակությունը, ուստի խորհուրդ ենք տալիս դրա մեջ դնել գեղեցիկ կախազարդեր, թխվածքաբլիթ կամ հուշանվեր, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր հյուրին՝ և՛ փոքրիկներին, և՛ մեծահասակներին:
Ձախ և աջ
Երեխաներին առաջարկում ենք նկարել օրվա թեմայով որևիցե մի բան։ Խաղի առանձնահատկությունն է՝ ձախլիկները պետք է նկարեն աջ ձեռքով, իսկ աջլիկները՝ ձախով: Առաջադրանքը բարդացնելու համար, օրինակ, սահմանում ենք ժամանակ՝ երկուսից հինգ րոպե:
Հույզեր
Խաղից առաջ անհրաժեշտ է պատրաստել քարտեր՝ հույզերի (տխրություն, տարակուսանք, հիասթափություն, ուրախություն, սպասում, վախ, զայրույթ և այլն) անուններով, դուրս բերել բանաստեղծություններ, գրական ստեղծագործություններից փոքրիկ հատվածներ։ Որքան շատ լինեն զգացմունքների անվանումներն, այնքան ավելի լավ: Բալիկները բաժանվելու են երկու թիմի: Յուրաքանչյուր թիմի առաջնորդը խաղավարից վերցնում է քարտ: Առաջադրանքն է՝ կարդալ ստեղծագործությունը բացիկի վրա նշված հույզերով: Երկու թիմերն էլ սկսում են գուշակել: Եթե կարդացող երեխայի թիմն է գուշակում հույզը, ապա ստանում է 1 միավոր, եթե հակառակորդը` 2 միավոր: Առավելագույն միավորներ հավաքած թիմը հաղթում է: