Կռունկը և նապաստակը. առակ այն մասին, թե ինչպես է հնարավոր անվախ լինել

Ժամանց

Մի անգամ նապաստակը գնաց կռունկի մոտ:

- Կռու՜նկ, սիրելի՜ս: Գիտեմ, որ կարողանում ես ատամներ բուժել, խնդրում եմ՝ ինձ էլ օգնես, նորն եմ ուզում:

- Բայց քո ատամները լավ վիճակում են։

- Միգուցե լավ վիճակում են, սակայն փոքր են։ Տո՛ւր ինձ առյուծի ժանիքներ։

- Ինչի՞դ են պետք ժանիքները:

- Ուղղակի ուզում եմ հաշիվ պարզել աղվեսի հետ, հոգնել եմ փախչելուց, հիմա թող նա վախենա ինձնից:

Կռունկը ժպտաց և տվեց նապաստակին առյուծի երկու ժանիք:

- Հիանալի՜ է, վազեմ աղվեսին որոնելու,- բացականչեց նապաստակը՝ նայելով իրեն հայելու մեջ:

Գնում է անտառով, փնտրում աղվեսին, երբ նա հանկարծ դուրս է գալիս թփերի հետևից: Նապաստակն աղվեսին տեսնելով՝ միանգամից ճչում ու փախչում է։ Դողալով հասնում է կռունկի մոտ ու ասում․

- Խնդրու՜մ եմ, փոխիր ժանիքները։

- Մի՞թե սրանք վատն են։

- Վատը չեն, բայց էլի փոքր են։ Հարմար չեն աղվեսի դեմ պայքարելու համար: Միգուցե դու ավելի մեծն ունենաս:

- Դա էլ չի օգնի,- պատասխանեց կռունկը,- սիրտդ պիտի լինի առյուծի, թե չէ քոնը նապաստակի է, որքան էլ նոր ատամ փորձես, ոչինչ չի փոխվի։

 

 

Առակի բարոյախրատական իմաստը պարզ և  հասկանալի է. ներդաշնակության հասնելու համար անձն առաջին հերթին պետք է վերլուծի իր մտքերը։ Որևէ արտաքին փոփոխություն չի կարող օգնել, եթե  խիզախ դիմակի հետևում թաքնված է կիսաթույլ դեմք։ Դեմք, որը մի կերպ գոյատևում է սեփական թուլությունների և անվճռական գործողությունների պատճառով: Նապաստակն էլ փոխեց արտաքինը, բայց մոռացավ էականի՝ ներքին վախերից ազատվելու մասին։