Pop it՝ հակասթրես խաղալիք, որի անվանումն արդեն իսկ կասկածներ է հարուցում․ մանկաբույժ

Ժամանց

Բժիշկ-նեոնատոլոգ Տաթևիկ Ավանեսյանը կարծում է, որ առաջին հայացքից անվնաս, թրենդային, մեծ պահանջարկ ունեցող գունագեղ այս խաղալիքներն անդադար գովազդվում են, ինչի արդյունքում երեխաները լանորեն իրազեկվում են դրանց գոյության մասին և խնդրում ծնողներին իրենց համար ևս ձեռք բերել։

«Ծնողները, առանց խորը ուսումնասիրություններ կատարելու, սովորաբար գնում են դրանք, քանզի գնային առումով էլ մատչելի են ու բավականին լավ զբաղեցնում են երեխային»,-ասում է Ավանեսյանը՝ հարց բարձրացնելով, թե իրականում է որն է խնդիրը և ինչն է մտահոգիչ։

Ըստ բժշկի՝ անվանումն արդեն իսկ կասկածներ է հարուցում․ այս խաղալիքները կոչվում են հակասթրես խաղալիքներ (антистрессовые игрушки), ենթադրաբար դրանք հանգստացնում են նյարդերը, հանում են նյարդային լարվածությունը (POP IT, սպիներներ, լիզուններ, օղակներ, տարբեր ձայներ հանող խաղալիքներ)։

«Այս խաղալիքները նախկինում նշանակվել են նյարդաբանական հիվանդություններ ունեցող մարդկանց։ Մշտական միատոն գործողություններ են կատարում, և դա բթացնում է նյարդային ազդակները։ Նման որևէ խնդիր չունեցող երեխային տալով այդ խաղալիքները՝ ծնողը արհեստականորեն միջամտում է վերջինիս հոգեհուզական զարգացման ընթացքին՝ ներմուծելով մի իր (տվյալ դեպքում խաղալիք), որի միջոցով է միայն երեխան կարողանալու հանգստացնել իրեն։ Իսկ այդ պարագայում չի սովորելու իր հույզերը ինքնուրույն կառավարել և ավելի մեծ տարիքում փնտրելու է տարիքին համապատասխան հանգստացնող միջոցներ՝ալկոհոլ, թղթախաղ, թմրանյութ, ծխախոտ»,-բացատրում է մասնագետը։

Մանկաբույժը պնդում է՝ երեխան սթրեսի մեջ չէ ի սկզբանե, որպեսզի նրան հակասթրես խաղալիքներ տալ։ «Զբաղեցրեք նրա ժամանակը ձեր ներկայությամբ ու սիրով, թողեք արտահայտի իր հույզերը: Լացելը, զայրանալը նույնպես մարդկային հույզեր են․ դրանք ճնշելով տարբեր կողմնակի բթացնող միջոցներով՝ չեք նպաստում վերջիններիս անհետացմանը, այլ պարզապես խոչընդոտում եք հուզական դրսևորումների ճիշտ զարգացմանը»,-խոսքն ամփոփում է մանկաբույժը: