Ի՞նչ մրգեր կարելի է տալ փոքրիկին. հավելյալ սննդի կանոնները

Սնունդ

Մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և փոքրիկի օրգանիզմի զարգացման հարցում էական դեր ունեն:

Այնուամենայնիվ, ցանկացած միրգ չենք կարող առաջարկել փոքրիկներին: «Երեխայի դեպքում նախապատվություն ենք տալիս հիպոալերգեն մրգերին, օրինակ՝ խնձոր, տանձ: Շատ մրգատեսակներ կարող են առաջացնել ատոպիկ դերմատիտ՝ մաշկաբորբ, եղնջացան կամ այլ ալերգիկ ռեակցիաներ: Հատկապես C վիտամինով հարուստ մրգերը 8 ամսականից հետո  են ներառվում փոքրիկի կերակրացանկում: Մնացյալ հիպոալերգեն մրգերը կարող ենք տալ  6,5–7 ամսականից սկսած»,- ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Օլգա Ասատրյանը: Նրա նշմամբ՝ նախընտրելի է երեխային տալ ամբողջական միրգը պյուրեի տեսքով, որպեսզի ուտելը հեշտ լինի: Մրգերի ընդունումը նախընտրելի է կատարել առավոտյան: Եթե օրվա ընթացքում է, ապա հիմնական սնունդն ընդունելուց 30-40 րոպե առաջ:  «Մրգային կոկտեյլները, կոմպոտները իհարկե լավ են փոքրիկի համար, բայց սննդանյութերի, վիտամինների պարունակության առումով զիջում են թարմ մրգերին: Հյութերը կարելի է կիրառել, եթե շատ քաղցրացրած չեն: Չմոռանանք՝ ատամնաշարի վնասարար, կարիեսի առաջացման պատճառ կարող են լինել ոչ միայն քաղցրավենիքներն, այլև քաղցր հյութերը»,- ընդգծում է մանկաբույժը:

Խոսելով հյութերի ու հավելյալ սննդի մասին՝ նա հավելում է, որ խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկանը փոքրիկին թեյ տալ: Թեյի բաղադրիչները կապվում են երկաթի հետ և հնարավոր է՝ առաջ գա երկաթի պակաս: Առհասարակ, այդ շրջանում հեղուկներից պետք է ընտրել ջուրը: «Մինչև մեկ տարեկանը չի կարելի նաև մեղր տալ փոքրիկին: Այն կարող է բոտուլիզմ հարուցել: Բոտուլիզմ հարուցող կլոստրիդիում բակտերիաները սիրում են անաէրոբ միջավայր, իսկ մեղրի դեպքում դա ապահովված է: Մեղրը միևնույն ժամանակ ալերգեն է»,- ընդգծում է Օլգա Ասատրյանը: Նրա խոսքով՝ 9 ամսականում երեխային կարելի է տալ առաջին կաթնատեսակը՝ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ: Եթե երեխային դուր չգա համը, ապա հաճելի կլինի կաթնաշոռը տալ բանանի հետ խառնած պյուրեի տեսքով: «Երեխայի սննդացանկում պետք է պարտադիր տեղ գտնի միսը: Վերջինս պարունակում է երկաթ, որն էլ հենց պետք է փոքրիկի հեմոգլոբինի քանակը կայուն պահելու համար»,- ասում է նա և շեշտում՝ երեխային կերակրելն արվեստ է:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան