Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Օլգա Ասատրյանը:
Ե՞րբ և ինչպե՞ս կարող է մայրիկը բանջարեղենն ընդգրկել երեխայի հավելյալ սննդում:
Մինչև 6 ամսականը երեխայի սնուցումը կատարվում է բացառապես կրծքի կաթով: 6 ամսականից հետո միայն սկսում ենք մտածել հավելյան սննդի մասին: Եթե երեխան ծնվել է հասուն՝ ներարգանդային զարգացման 37-րդ շաբաթվանից հետո, նորմալ քաշով՝ 2,5 կգ-ից ավելի, մինչև 6 ամսականը քաշը լավ ավելացել է, ապա սկսում ենք բանջարեղենից: Իսկ եթե երեխան ծնվել է անհաս, ընթացքում քաշը վատ է ավելացել կամ կորցրել է, ապա բժշկի ցուցմամբ կարելի է նախապատվություն տալ շիլաներին, օրինակ՝ բրնձի շիլային, հնդկաձավարին: Դրանք կօգնեն նախ քաշ հավաքել, այնուհետև անցնել բանջարեղենային սննդի:
Հավելյալ սնուցումը սկսելիս պետք է ըմբռնել՝ սկզբնական շրջանում կրծքի կաթով կատարվող մեկ կերակրում է փոխարինվում հավելյալ սննդով: Գլխավոր դերում շարունակում է մնալ կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը: Այսպես 1-1,5, որոշ երեխաների դեպքում՝ 2 ամիս: Քայլ առ քայլ երեխայի բանջարեղենային խյուսը հարստացնում ենք այլ բանջարատեսակներով և հասցնում 100-150 գրամի: Բանջարեղենային պյուրեն պետք է լինի ոչ շատ պինդ, ոչ շատ հեղուկ պարունակող, որպեսզի երեխան կարողանա հանգիստ ուտել:
Բանջարեղենի ո՞ր տեսակներն են հեշտ մարսվում փոքրիկի օրգանիզմի կողմից:
Բանջարեղենը համարվում է ամենից դյուրամարս սնունդը: Այն աղիների համար որևէ խնդիր չի առաջացնում, չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը: Գերադասելի է սկսել հաճելի, մեղմ համով բանջարատեսակներից: Այդպես երեխան սիրով կընդունի հավելյան սնունդը: Կարելի է առանձնացնել դդումը, որն ունի քաղցրավուն համ, փորկապություն չի առաջացնում: Ցանկում կարելի է ներառել դդմիկ, գազար, բրոկոլի, ծաղկակաղամբ և այլն: Դրանք հարուստ են բազմաթիվ վիտամիններով, նպաստում են աղիների նորմալ գործունեությանը:
Բանջարեղենն ի՞նչ մեթոդով պատրաստել ու մատուցել երեխային:
Երեխային բանջարեղենը կարող ենք մատուցել շոգեխաշած վիճակում: 3 տարեկանից սկսած՝ երեխան կարող է օգտվել ընդհանուր սեղանից, ընտանիքի համար պատրաստվող բոլոր ճաշատեսակները համտեսել: Սունկն է, որ պիտի երեխայի օրգանիզմ ներմուծվի 3 տարեկանից հետո: Նաև փոքրիկին պետք է հեռու պահել արագ սննդից, գազավորված ըմպելիքներից, որոնք մեծահասակները հաճախ են օգտագործում: Իմիջայլոց, մինչև 9-10 ամսականը երեխայի սննդին աղ ավելացնել հարկավոր չէ: 10 ամսականից սկսած արդեն կարելի է քիչ չափաբաժնով այն ավելացնել երեխայի ճաշատեսակին:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան