Ամանորյա հրաշքը՝ փոքրիկի կյանքում. ի՞նչ խաղեր և նվերներ ընտրել

Ժամանց

Ամանորը հրաշքների իրագործմանը սպասելու լավագույն ժամանակահատվածն է թե՛ փոքրիկների, թե՛ մեծահասակների համար: «Հավատը երեխային հնարավորություն է տալիս ակտիվ երազել, լավատեսորեն սպասել մի բանի, որը խորհրդավոր է, բարի:

Չէ՞ որ փոքրիկները դեռ կհասցնեն լինել մեծերի բարդ աշխարհում, որտեղ ամեն ինչ այնպես չէ, ինչպես մանկության կախարդական աշխարհում»,- ասում է հոգեբան Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Ձմեռ Պապի գոյությանը հավատալը Ամանորի մի մասն է կազմում: Հաճախ երեխաներն իմանում են Ձմեռ Պապի գոյություն չունենալու մասին շատ կոպիտ տարբերակներով, օրինակ՝ երբ ծնողներն արդեն հոգնում են կամ ֆինանսապես չեն կարողանում ապահովել երեխայի ցանկալի նվերները։ Լուսինե Գրիգորյանի հավաստմամբ՝ նմանատիպ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է ի սկզբանե երեխայի մոտ ձևավորել Ձմեռ Պապի այնպիսի կերպար, ում կողմից բերված ամենափոքր նվերն անգամ երեխայի համար կլինի սպասված։

Հոգեբանը նշում է, որ ընտանիքում ցանկացած տոն երեխան ընկալում է այնպես, ինչպես նրան մատուցում են ծնողները: Ուստի փոքրիկի դաստիարակության մեջ ընտանիքը պետք է կարևորի յուրաքանչյուր տոնի խորհուրդը, գեղագիտական կողմը, ոչ երբեք ֆինանսականը։ «Ամանորյա տոն, երբ երեխան ի դեմս մեծահասակների կարող է տեսնել՝ որքանով է տոնը միավորում իր ընտանիքի անդամներին, որքանով՝ ոչ: Ամանորյա նախապատրաստությունների ժամանակ շատ ընտանիքներ բախվում են կոնֆլիկտների: Այս դեպքում երեխան չի տեսնում ընտանիքի միասնականություն, որը պետք է ցույց տալ օրինակով, այլ ոչ խրատներով»,- ընդգծում է նա: Հոգեբանը հավելում է, որ երեխան մեծահասակի միջոցով կարող է գնահատել իրեն նախորդ տարվա մեջ: Մեծահասակները կարող են անել նմանատիպ հարցադրումներ՝ «ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել այս տարվա ընթացքում», «ի՞նչ բացթողումներ ես ունեցել այս տարվա ընթացքում, որոնք պետք է լրացնես հաջորդ տարի», «ինչպե՞ս կգնահատես քեզ, արդյո՞ք օգտագործել ես բոլոր հնարավորություններդ»:

Լուսինե Գրիգորյանը խորհուրդ է տալիս կազմակերպել ընտանեկան խաղեր, որոնց մեջ կընդգրկվեն «լոտոն», «քաղաքները», «մոնոպոլիան»: Բացի այդ, կարելի է կազմակերպել ընտանեկան լուսանկարների դիտում և քննարկում։ Ծնողները երեխաների համար ամանորյա նվերներ պատրաստելիս կարող են առանձնացնել հետաքրքիր գրքեր, զարգացնող խաղեր, այդ թվում՝ մինչև մեկ տարեկանների համար գունաընկալմանը, ձայնաընկալմանը նպաստող գունեղ և ձայնային խաղեր։     

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան