Ինչպե՞ս են սենյակի գույներն ու կահավորանքն ազդում երեխայի վրա

Ժամանց

Ծնողները երեխայի սենյակը վերանորոգելիս երկմտում են՝ ի՞նչ գույն կարելի է ընտրել պատերի համար: Այս հարցի շուրջ մտածելն անհրաժեշտ է, քանի որ  գույներն ու սենյակում առկա իրերը, դրանց դասավորությունն ազդում են փոքրիկի զարգացման վրա: Սենյակը երեխայի անձնական տարածքն է դառնում, որտեղ նա պետք է առավելագույն չափով հարմարավետ զգա իրեն և կատարի գործերը՝ սովորի դասերը, խաղա, հանգստանա: Երեխայի միջավայրի կազմակերպման մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Կանա» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մանյա Ասլանյանի հետ:

 

Ո՞ր գույներին նախապատվություն տալ

 

Երեխայի գունային ընկալման հարցում էական է, թե ծնողներն ինչպես են դրանք մատուցում նրան: Հաճախ երեխան ընտրում է այն գույները, որոնք գերակշռում են իր շրջապատում՝ մուլտֆիլմերում, տետրերի վրա, հագուստում,  սիրելի հերոսների առօրյայում: Երբեմն ծնողները հակված են լինում դասական մոդելի կիրառմանը՝ աղջկա համար ընտրել վարդագույնը, իսկ տղայի համար՝ երկնագույնը: Այս մոտեցումն արմատավորվում է նաև երեխայի մեջ: Եթե նա տարիքով   մեծ է, պետք է առաջնորդվել նրա նախասիրություններով:       

Պետք է խուսափենք մուգ և շատ վառ գույներից: Օրինակ՝ բաց կապույտը երեխային հանգստություն է փոխանցում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել էլեկտրիկ կապույտը: Վերջինս որոշ ժամանակ անց սկսում է պարտադրողականություն թելադրել: Նույն կերպ գործում է կանաչը: Այն տալիս է էներգետիկա և ստեղծագործելու եռանդ, բայց ննջասենյակում երկար ժամանակ հետո կարող է ձանձրացնել: Ծնողները պետք է աշխատեն ստանալ նուրբ և հետաքրքիր գունային խառնուրդներ: Ընտրում են մանուշակագույնը, որը երևակայության զարգացմանը նպաստող գույն է: Ամենը պետք է արվի չափի մեջ: Պատահում է՝ սենյակի յուրաքանչյուր պատը մի գույնով են ներկում: Այստեղ էլ պետք է ճիշտ կազմակերպել անցումը մի միջավայրից մյուսին:    

Սենյակի վերանորոգման համար օգտագործվող նյութերի հարցում ծնողները պետք է ուշադիր լինեն: Որոշները քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են տարիներով պահպանվել ու աննկատ վնասել սենյակում քնող և արթնացող մարդուն:

 

Երեխայի սենյակի կահավորանքն ու մաքրության կարևորությունը

Փոքրիկի սենյակի գույները որոշելուց հետո անցնում ենք իրերի դասավորությանը:  Տվյալ դեպքում հաշվի ենք առնում պատերին փակցված նկարները, սենյակում կախված ջահը, հայելիները, սեղանն ու աթոռները:  Լավ կլինի՝ երեխան ծնողների հետ կատարի իրերի ընտրությունը: Ցանկալի է՝ սենյակում լինի միայն մեկ հայելի, քանի որ երեխայի ճանաչողությունը հենց նույն հայելիով է կատարվում: Նրա տեսողական ընկալումը պետք է լինի կայուն: Թեք պատերը խրախուսելի չեն, քանի որ երեխան սկսում է պատկերներն աղճատված ընկալել:

Երեխան պետք է հոգա սենյակի մաքրության պահպանման մասին: Նա փոքր տարիքից արդեն տեսնում է իր ծնողների վերաբերմունքը շրջակայքի նկատմամբ: Եթե երեխան նկատում է՝ մայրիկը մաքրություն է անում, սկսում է մտածել՝ մեծ աղջիկ եմ կամ տղա, ես էլ գնամ ու իմ սենյակը հավաքեմ:   Եթե մայրիկը խոսում է հրամայական տոնով՝ «շուտ հավաքի՛ր, թե չէ կզրկվես», երեխան սկսում է ընդվզել, հակառակվել: Դա նրան նյարդայնացնում է, չի ուզում անել գործը: Սրա արդյունքում կարող են  խաթարվել ծնող-երեխա փոխհարաբերությունները: Փոխարենը՝ ծնողը կարող է երեխային առաջարկել մրցել: Օրինակ՝ «տեսնենք, թե ով է ավելի արագ հավաքում, ով է ավելի լավ նետում», միասին հավաքեն ու խաղալիքները լցնեն պարկի մեջ: Ծնողը պետք է խելամտորեն ներգրավվի երեխային այդ աշխատանքի մեջ: Ներգրավվումն առաջին փուլն է:

Երկրորդ փուլում փոքրիկը սովորում է տեսակավորել, դասավորել: Երբեմն ծնողներն ասում են՝ երեխա է, թող հավաքի: Երեխան չպետք է հավաքի խաղալիքներն ու պարզապես լցնի պարկի մեջ, այլ՝ պետք է դասավորված անի ամենը: Տարիքն էական չէ: Եթե նույնիսկ երեխան երեք տարեկան է, խաղում է փոքրիկ խաղալիքներով, պետք է դրանք  էլ դասավորի: Սա կօգնի, որ երեխան հետագայում իր մտքերը կարողանա ճիշտ կազմակերպել:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան