Ինչպե՞ս ամանորին նվեր ընտրել երեխայի համար

Ժամանց

Ամանորի ամենագեղեցիկ հեքիաթը երեխաների համար նվերներ ստանալու արարողությունն է։ Այսօր փորձելու ենք հոգեբան Ռիմա Իգիթյանի օգնությամբ պարզել՝ ինչպե՞ս և ինչպիսի՞ նվեր ընտրել երեխայի համար ամանորին։

Նախքան նվեր ընտրելը պետք է երեխային սովորեցնել  նամակ  գրել Ձմեռ պապիկին: Հաճախ ծնողները մտածում են, որ երկու կամ երեք տարեկան երեխան դեռևս չի հասկանում Ձմեռ պապիկի կողմից նվերներ ստանալը, երազանք պահելը: Կարծում եմ՝ այդ մոտեցումն այնքան էլ ճիշտ չէ:  Հարկավոր է  փոքրիկի հետ անընդհատ զրուցել այդ մասին, նրան տրամադրել ամանորին, իրար հետ նստել, քննարկել՝  ինչպիսի նվեր է ցանկանում երեխան Ձմեռ պապից: 3-5 տարեկան երեխաներին նամակ գրելիս կարող են օգնել ծնողները, տատիկն ու պապիկը, որովհետև այդ գործընթացը ևս հետաքրքիր է։

Եթե ծնողների համար այնքան էլ հեշտ չէ գնել երեխայի խնդրած նվերը, կամ գուցե երեխան իր տարիքին ոչ  համապատասխան  նվեր է ընտրել, պետք չէ փոքրիկին մերժել կամ որ ավելի վատ է՝ ամանորի գիշերը այլ նվեր տալ: Պետք է բացատրել, զրուցել երեխայի հետ, համոզել, որ իր ուզածն այնքան էլ հետաքրքիր ու լավ նվեր չէ և փորձել այլ նվեր առաջարկել փոքրիկին: Սակայն դա պետք է անել այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե փոքրիկն ինքն է ցանկացել այն։ Պետք է այնպես անել, որ ամանորի հեքիաթն ու Ձմեռ պապիկը երեխայի մոտ բացասաբար չընկալվեն։

Ամանորի նվերները պետք է տարբերվեն մնացած նվերներից և երեխային մատուցվեն  ոչ սովորական ձևով: Ծնողները պետք է ծանոթ լինեն, թե որ տարիքում ինչ է կարելի նվիրել երեխային։ Օրինակ՝ 3-4 տարեկան երեխաների համար նախընտրելի են  զարգացնող, ճանաչողական խաղերը: Իսկ ահա ավելի մեծ տարիքի երեխաների համար, բացի զարգացնող խաղերից, կարելի է ընտրել այլընտրանքային նվերներ, օրինակ՝ երեխայի համար խմբակային (ընկերներով, քույր-եղբայրների հետ միասին) պարապմունքի այցետոմսեր գնել՝ պարի կամ լողի: Այն ոչ միայն կուրախացնի երեխաներին, այլ նաև օգտակար կլինի: Բացի դրանից, այդպիսի նվերները երեխայի մեջ ձևավորում են գիտակցումը, որ  դրանք Ձմեռ պապիկի կողմից իրենց ընձեռված հնարավորություն են, և որ ինքը պետք է սովորի, այցելի այդ խմբակները՝ արդարացնելու Ձմեռ պապիկի  հույսերը: 

Փոքրիկների համար լավագույն նվեր կարող են լինել գրքերը՝ հեքիաթները, առակները, հանելուկները, նկարչական ալբոմներն ու պարագաները:

Դե, իհարկե, ծնողներն ազատ են իրենց փոքրիկների համար նվեր ընտրելու հարցում: Սակայն հիշե՛ք, սիրելի՛ ծնողներ, որքան էլ փորձեք տարբեր անակնկալներ մատուցել երեխային, անպայման լսեք ձեր փոքրիկին, հաշվի առեք նրա ցանկությունը:

Ամենակարևորն այն է, որ նրանք իսկապես հավատան ամանորի հրաշքին։ Ի վերջո, ամանորին կարելի է փոքր-ինչ երես տալ փոքրիկիներին:

Ի դեպ, ցանկալի է, որ երեխաները հնարավորինս ուշ իմանան «իրական» Ձմեռ պապիկի մասին, քանի որ հնարավոր է՝ սկսեն չարաշահել նրան:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան