Եվ փարավոնը գիշերը կանչեց Մովսեսին և Ահարոնին ու ասաց. «Վեր կացեք ու դուրս եկեք իմ ժողովրդի միջից` դուք էլ Իսրայելի որդիքն էլ, և գնացեք պաշտեցեք Տիրոջը, ինչպես որ ասացիք: Ձեր հոտերն ու արջառներն էլ վերցրեք, ինչպես ասացիք: Գնացեք և ինձ էլ օրհնեցեք»: Եգիպտացիները ստիպեցին ժողովրդին շուտ դուրս գալ իրենց երկրից, որովհետև վախենում էին, որ իրենք էլ կմեռնեն:
Եվ Իսրայելի որդիները Ռամսեսից դեպի Սոկքովթ չվեցին. բացի ընտանիքներից, վեց հարյուր հազարի չափ այր մարդիկ կային և նրանց հետ դուրս եկավ նաև մի խառը բազմություն:
Նախիրը մեծ էր` խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ:
Եվ Եգիպտոսից իրենց հետ բերած խմորից անթթխմոր կարկանդակներ թխեցին, որովհետև խմորը դեռ չէր թթված. քանի որ նրանց շտապ դուրս վռնդեցին. նույնիսկ ճանապարհի համար ուտելիք չէին կարողացել պատրաստել:
Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսում չորս հարյուր երեսուն տարի բնակվեց:
Աստված Իսրայելի ժողովրդին անապատի ճանապարհով դեպի Կարմիր ծով առաջնորդեց: Միայն Տերը գիտեր, թե ուր պիտի տաներ իր ժողովրդին: Այդ պատճառով նա ցերեկը նրանց առջևից գնում էր ամպե սյան տեսքով, գիշերը` կրակե սյան` լուսավորելով նրանց ճանապարհը: Երբ ամպը կանգ էր առնում, իսրայելացիները բացում էին իրենց վրաններն ու հանգստանում: Իսկ երբ ամպը առաջ էր շարժվում, նրանք նորից էին ճանապարհ ընկնում: Երբեք ժողովրդից չհեռացավ ամպե սյունը` ցերեկը, կրակե սյունը` գիշերը:
Այսպես էլ մենք, եթե վստահենք Աստծո առաջնորդությանը, միշտ կգտնվենք նրա հոգու առաջնորդության տակ ու կյանքում սխալ քայլեր չենք անի, սխալ ուղղություններով չենք գնա: Այն ժամանակ Աստվածային գթասրտության ամպը կշրջապատի մեզ` ինչպես լուսավոր օրերին, այնպես էլ փորձությունների և տագնապների խավար գիշերներին: Եվ մխիթարության ձայնը երբեք չի լքի մեզ, եթե մենք նրա հետ տևական աղոթքով հարաբերության մեջ լինենք:
ԵԼԻՑ 12:31-40, 13:20-22