ԻՍՐԱՅԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Հավատք

 

Անցան շատ ու շատ տարիներ: Մեռավ Հակոբը, մեռան նրա բոլոր որդիները: Երբ Հակոբը Աստծո հետ մենամարտում էր, Տերը օրհնեց նրան ու տվեց մի նոր անուն` Իսրայել, որ նշանակում է «Աստծո հետ մենամարտող»: Այդ պատճառով մինչև օրս Հակոբի սերունդը Իսրայելի ժողովուրդ է կոչվում: Նաև նրանց Աստծո ժողովուրդ կամ Եբրայեցի են անվանում:

Հովսեփի մահից հետո Եգիպտոսի տիրակալը մեկ ուրիշ փարավոն դարձավ, որը չգիտեր Հովսեփին ու նրա լավ գործերը: Այդ փարավոնը տեսավ, որ Իսրայելի ժողովուրդը բազմացավ ու Եգիպտոսի ժողովրդից ավելի ուժեղ դարձավ: Այդ պատճառով նա իր ժողովրդին ասաց. «Եկեք խորամանկությամբ վերաբերենք Իսրայելի ժողովրդին, որպեսզի չբազմանա: Այլապես եթե պատերազմ լինի, նրանք կմիանան մեր թշնամիների հետ, կզինվեն մեր դեմ ու մեր երկրից դուրս կգան»:

Փարավոնը Իսրայելի ժողովրդի վրա աշխատանքային պետեր կարգեց ու հրահանգ տվեց նրանց` այնպես աշխատեցնել իսրայելացիներին, որ հյուծվեն: Բայց որքան ավելի էին հյուծում նրանց, այնքան ավելի էին բազմանում ու աճում այնպես, որ բոլորը վախենում էին նրանցից: Այդ պատճառով եգիպտացիները սկսեցին ավելի դաժան աշխատանքի պայմաններ ստեղծել նրանց համար, որպեսզի նրանց կյանքն անտանելի դառնա:

Սակայն Աստված տեսավ իրեն ապավինած ժողովրդի երկար տառապանքը և որոշեց փրկիչ ուղարկել նրանց:

 

ԵԼԻՑ 1:6-14