«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռայա Երեմիի հետ։
Ծնողներին, բնականաբար, դուր է գալիս, երբ իրենց երեխան լավ է սովորում, ունենում է որոշակի հաջողություններ ու դրսևորում բացահայտ հետաքրքրություն տարբեր ոլորտների հանդեպ։ Որպես կանոն, նրանք փոքր-ինչ անհանգստանում են՝ նկատելով արդեն փոքրիկի ծուլությունն ու անտարբերությունը։ Մինչ լուծումներ փնտրելը հարկավոր է, նախ, «անմեղ» ծուլությունը տարբերակալ որոշակի սուր հոգեբանական վիճակից՝ հասկանալով դրա բնույթը։
Սովորելու դժկամությունը 7-12 տարեկանում կարող է պայմանավորվել պարզապես սովորության պակասով կամ բացակայությամբ: Ահա 12-16 տարեկանում ծուլությունն ամենից հաճախ ունենում է հոգեբանական պատճառներ, որոնցից են ինքնավստահության, մոտիվացիայի բացակայությունը։ Երեխայի մոտ նույնիսկ կարող է զարգանալ ապատիա։ Ապատիայի պարագայում հոբբիները հաճույք չեն բերում, անձը կորցնում է ինքն իրեն մոտիվացնելու ունակությունը։ Ամեն անգամ, երբ գործի է անցնում, հետաքրքրությունը րոպեների ընթացքում անհետանում է: Ինչպես նաև անհատը թույլ է տալիս իրեն երկար ժամանակ անցկացնել հեռուստացույցի ու համակարգչի առջև, խուսափում է շփումներից, շատ ուտում է, քիչ մարզվում։ Արդյունքում՝ բոլորը տեսնում են միայն արտաքին կողմը՝ չնկատելով ներքին, թաքնված կողմը։
Ամեն դեպքում, բողոքելուց առաջ, թե երեխան չի ուզում սովորել ու որևէ բան անել, պետք է խոսել նրա հետ առանց քննադատության։ Որոշ բալիկներ կոմպլեքսավորված են լինում, ու մեծահասակները պետք է ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որտեղ փոքրիկն իրեն լավ կզգա, ապահով, պաշտպանված, չարժեզրկված։ Հիշենք՝ երբ ծնողն արժեզրկում է երեխայի հույզերը, նա սկսում է այլևս չկիսվել ծնողի հետ։ Կատարեք առաջին կարևոր քայլը՝ միացրեք ակտիվ լսելու ռեժիմը և հարցրեք երեխային, թե ինչու է նա հետաձգում գործը, հրաժարվում կոնկրետ գործողությունն անելուց: Ուշադիր եղեք խոսքերին ու պատճառաբանությանը, ցույց տվեք, որ անկեղծորեն հետաքրքրված եք նրա կյանքով։ Չկա ծուլության բուժիչ հաբ, որը կարելի է «նշանակել» փոքրիկին ու մոռանալ խնդրի մասին։ Հատկապես դեռահասի մոտ է ծուլության դեմ պայքարը բավականաչափ ժամանակ պահանջում։ Որքան մեծ է աշակերտը, այնքան ավելի խիտ է գրաֆիկը, ինչը ևս նպաստում է ծուլության առաջացմանը: Եթե տեսնում եք, որ երեխան չի ցանկանում գնալ լեզվի նոր դասընթացի, լրացուցիչ հանձնարարություններ կատարել, մտածե՛ք՝ արդյո՞ք նա չափազանց ծանրաբեռնված չէ։ Երեխան պետք է միշտ հանգստի ժամանակ ունենա, իսկ նրան բազմոցին պառկած տեսնելիս բնավ պետք չէ նախատել ու ստիպել գիրք կարդալ։ Դրանով խնդիրը լուծել չեք կարող։