Ի՞նչ նոր վիրուս է այս օրերին տարածված Հայաստանում և ինչպե՞ս հաղթահարել այն

Խնդիրներ

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է քիթ-կոկորդ-ականջաբան Էլյա Մուրադյանի հետ։

Ներկա ժամանակահատվածում, երբ կարելի է ասել՝ ՔՈՎԻԴ-19-ը հաստատուն տեղ է գրավել մեր իրականության մեջ, սկսել է գլուխ բարձրացնել մեկ այլ՝ գրիպի H1N1 ենթատեսակը: Այն հայտնի է հասարակությանը «Խոզի գրիպ» անվամբ դեռևս 2009 թ․-ից: Այդ ընթացքում H1N1-ի բռնկում առաջին անգամ  գրանցվել էր Մեքսիկայում, հաջորդիվ գրիպը տարածվել էր դեպի ԱՄՆ ու Կանադա, ապա՝ ողջ աշխարհով մեկ: Եվ չնայած տվյալ առիթով ԱՀԿ-ի հայտարարած համաճարակն ավարտվել էր 2010 թ․-ի օգոստոսին, վիրուսը մինչ այսօր շրջագայում է: Քայլելով կորոնավիրուսին զուգահեռ՝ երբեմն էլ շփոթության մեջ է գցում մարդկանց: Շատերը մտածում են՝ ինչպե՞ս կարելի է տարբերակել այն ՔՈՎԻԴ-19-ից։

H1N1-ն ու կորոնավիրուսը միայն կլինիկական սիմպտոմներով տարբերելը մի փոքր դժվար է: Ամեն դեպքում ուժեղ բնույթի գլխացավերը, թուլությունն ու փորլուծությունը տարիքային բոլոր խմբերում, համի և հոտի կորուստը առավել բնորոշ են կորոնավիրուսին: H1N1-ը սկսվում է ջերմության հանկարծակի բարձրացմամբ, հազով, մկանացավերով, ջերմաստիճանային սանդղակը տատանվում է 37,8 ͦC-ից մինչև 40 ͦC: Ուղեկցող նշաններ են թուլությունը, կոկորդի ցավը, քթահոսությունը: Ստամոքսաղիքային ախտանշանները՝ սրտխառնոցը, փսխումն ու փորլուծությունը, ավելի շատ հանդիպում են երեխաների խմբում,  մեծահասակների մոտ՝ ավելի քիչ: Մեծերի շրջանում, հատկապես՝ 65 տարեկան և ավելի, նշաններն աղավաղված են, կարող է չլինել ջերմության բարձրացում, բայց հազն ու թուլությունը երկար պահպանվեն: H1N1 շտամի ինկուբացիոն շրջանը տևում է 1-4 օր, միջինում` 2: Անձը վարակակիր է հանդիսանում 7-10 օր: Դրանից հետո վիրուսի քանակն այնքան է նվազում օրգանիզմում, որ անձը դադարում է լինել վարակը փոխանցող:

Եթե ցանկանում եք պաշտպանվել թե՛ այս, թե՛ մյուս տիպի վարակներից, ապա պետք է հաճախ լվանաք ձեռքերն օճառով, պահպանեք հեռավորություն և անհրաժեշտության դեպքում կրեք դիմակ: Եթե արդեն վարակվել եք տվյալ շտամով, կան գործողություններ, որոնք կարող են օգնել:  Տան պայմաններում անհրաժեշտ կլինի փոխել սննդային վարքը, չուտել կծու և թթու, չխմել գազավորված ըմպելիքներ, ուտել թարմ միրգ ու բանջարեղեն, ընդունել սովորական, տաք հեղուկներ: Հավելյալ բուժումը հակաբորբոքային է, հիմնականում տալիս են ջերմիջեցնողներ: Վարակվելու պարագայում պետք չէ դեղատնից գնել հակաբիոտիկներ և օգտագործել: Իսկ ահա վիտամինները, ինչպիսիք են՝ վիտամին D-ն, C-ն, ցինկը, թույլատրվում են: Եթե դրանք չօգնեն, չեն էլ վնասի:

«Գնու՞մ եք դեպի առողջացում, թե՞ ոչ» հարցի պատասխանը ստանալու համար կպանհանջվի մոտավորապես հինգ օր: Նկատում եք՝ անցել է 3-5 օր, սակայն ջերմության էական փոփոխություն չի գրանցվում, հազի թեթևացում չկա, ջերմիջեցնողի ազդման տևողությունը օրեցօր չի ավելանում, ուրեմն շտապեք խորհրդակցել բժշկի հետ` օգնություն ստանալու նպատակով:  Մնացած դեղորայքը կնշանակի միայն մասնագետը: Պատահում է նաև այնպես, որ դիտվում է վիճակի բարելավում, և հետո անձը կրկին սկսում է ջերմել, հազը խորխոտ է դառնում, խորանում է, ջերմությունը համառորեն չի իջնում: Սա կարող է հուշել թոքաբորբի մասին: Այս դեպքում առավել, քան պարտադիր է բժշկի դիմելն, այնուհետ զննություն անցնել և կատարել նշանակումները: 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան