Ի՞նչ է գրիպը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել

Խնդիրներ

Գրիպը սուր շնչառական վիրուսային հիվանդություն է: Բնորոշվում է տենդի, հազի (սովորաբար չոր), գլխացավի, մկանների և հոդերի ցավի, արտահայտված թուլության, վատ ինքնազգացողության, կոկորդի ցավով և «հոսող» քթով:

Հազը կարող է լինել ծանր և տևել 2 կամ ավել շաբաթ: Գրիպը չի կարելի բուժել հակաբիոտիկներով, ծանր դեպքերը հնարավոր է բուժել հակավիրուսային միջոցներով՝ բժշկի հսկողությամբ:

Շատերն ապաքինվում են մեկ շաբաթվա ընթացքում՝ առանց բժշկական օգնության անհրաժեշտության: Սակայն գրիպը կարող է ծանր բարդությունների պատճառ դառնալ 65 տարեկանից բարձր անձանց, երեխաների, հղի կանանց, երկարատև առողջական խնդիրներ ունեցողների շրջանում:


Կանխարգելում

Լավագույն տարբերակը գրիպի սեզոնից առաջ պատվաստվելն է: Գրիպի պատվաստանյութերն անվտանգ են և գրիպ չեն հարուցում: Պատվաստվելուց հետո գրիպի դեմ հակամարմինների ձևավորումը տևում է առնվազն 2 շաբաթ: Սակայն երբեք ուշ չէ պատվաստվելու համար, քանի դեռ շրջանառվում է գրիպի վիրուսը: Պատվաստումը հնարավորություն է ընձեռում լինել պաշտպանված և նվազեցնել հիվանդության ծանր հետևանքները:

Ամեն տարի պատվաստվելը կարևոր է, քանի որ գրիպի վիրուսն անընդհատ փոփոխվում է, այսինքն յուրաքանչյուր տարի կարող են շրջանառվել տարբեր շճատիպեր: Սեզոնային գրիպի պատվաստանյութերի բաղադրությունը յուրաքանչյուր տարի համապատասխանում է տվյալ սեզոնին առավել շրջանառող շճատիպերին՝ հնարավորինս ապահովել առավելագույն պաշտպանություն:

 

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր