«Կարող ենք լուծել փոքրիկի խնդիրը, բայց եթե ընտանիքի խնդիրները չշտկվեն, երեխայինն էլի կմնա»․ վերապատրաստումներ «Ժեստ» հոգեբանական զինանոցում

Խնդիրներ

Երեխայի հետ աշխատելիս մասնագետը պետք է լինի չափազանց ուշադիր, քանի որ նրա առաքելությունը իրադրության բուն արմատները գտնելն ու ճիշտ լուծում առաջարկելն է:

Պատահում է՝ բժիշկը չի ուղղորդում փոքրիկին ու նրա ընտանիքին հոգեբանի մոտ՝ չիմանալով, թե որ դեպքում անել դա: Կամ էլ հոգեբանն աշխատում է երեխայի հետ տևական ժամանակ, սակայն որևէ արդյունք չի գրանցում: Այսինքն՝ նկատվում են որոշակի բացեր գործակցության, մոտեցումների  և տեղեկացվածության հարցերում,  որոնք լուծելու է գալիս «Ժեստ» հոգեբանական զինանոցը:

Այն հիմնադրվել է դեռևս 2017 թ․-ին՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տասնամյակին․ միաժամանակ կազմակերպվել է «Անձնային աճի» դասընթաց, որին հաջորդել են լոգոպեդական, մանկան, ընտանեկան, իրավաբանական հոգեբանի և այլ դասընթացներ: Զինանոցի գլխավոր նպատակն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոլորտում գործող մասնագետների ամենամյա վերապատրաստումն է:

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել «Ժեստ» զինանոցի հանդիպումը մասնակից շրջանավարտների հետ, ինչի շրջանակում «Լավագույն հոգեբան ուսանող 2021» խորագրով մրցույթի արդյունքներն են ամփոփվել։ «Վերապատրաստումը կարելի է անվանել փորձի փոխանակում, որովհետև մասնակիցները դառնում են զինանոցի գործընկերները: Երբ նրանք սկսում են աշխատել խնդիր ունեցող երեխայի կամ ծնողի հետ, դեպքերը քննարկում ենք միասին: Այդպիսով, ձևավորվում է մասնագիտական հանրույթ՝ դարձնելով դաշտը վերահսկելի»,- ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն, իրավաբանական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը:  Նա շեշտում է, որ ընթացքում ունեցել են շուրջ երկու հարյուր վերապատրաստված մասնակիցներ, որոնց թվում՝ արտերկրի ներկայացուցիչներ:  Կոնկրետ այս տարի անցկացված 240 ժամ գործնական դասընթացներում նկատելի է եղել մարզերի ներգրավվածությունը: Գյումրի, Ալավերդի ու Վանաձոր քաղաքների, Արմավիրի և Արարատի մարզերի ընդգրկվածության փաստն իրապես ոգևորիչ էր: «Թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում հնարավոր է բախվել սոցիալական հիմքով պայմանավորված հոգեբանական խնդիրների, հոգեկրթության պակասի հետ: Հոգեբանները պետք է անընդհատ խոսեն իրենց գործիքների մասին, որպեսզի մարդիկ հասկանան՝ անհրաժե՞շտ է տվյալ պարագայում դիմել հոգեբանի: Թերևս, կարևորներից մեկն այն է, որ երեխայի վիճակն ուսումնասիրվի չորս ասպեկտներով՝  հուզակամային ոլորտ, վարք, զարգացման առանձնահատկություններ, հաղորդակցում: Ու, միևնույն ժամանակ, անուշադրության չմատնվի ընտանիքը: Կարող ենք լուծել փոքրիկի խնդիրը, բայց եթե ընտանիքի խնդիրները չշտկվեն, երեխայինն էլի կմնա»,- նշում է նա: 

Ըստ նրա՝ ընտանեկան կոնֆլիկտները մշտապես արտացոլվում են փոքրիկի ներաշխարհում: Երեխան դառնում է զգայուն, ագրեսիվ կամ ներամփոփ, շատախոս կամ լռակյաց: Ներընտանեկան հակասությունները, որոնց արդյունքում բալիկը տուժում է, կարող են ծագել զանազան պատճառներով: Օրինակ՝ երբ ընտանիքում առկա են տարբեր սերնդի մարդիկ: «Երեխա, ամուսին և կին, ամուսնու հայր և մայր, երբեմն՝ ամուսնու տատիկ և պապիկ․ նվազագույնը երեք սերունդ ապրում է նույն հարկի ներքո: Սա ուրախալի է համախմբվածության տեսանկյունից, սակայն ծանրաբեռնվածություն՝ հոգեբանական առումով, ինչը կարող է առաջացնել կոնֆլիկտներ և խառնաշփոթ, հատկապես՝ հարմարվողականության, անձնային տարածքի խախտման տեսանկյունից: Այս իսկ պատճառով մեծ ընտանիքներում ապրող անձանց մոտ նկատվում են բարձր տագնապներ, որոնք ուղեկցվում են արյան ճնշման տատանումներով ու սոմատիկ ցավերով:  Անձը հետազոտվում է, բայց ոչինչ չի բացահայտվում, և իրականում մեջքի ցավը, գլխացավը  հոգեվիճակի հետևանքով են առաջացած լինում»,- նկարագրում է մասնագետը: Միգուցե գտնվեն ընտանիքներ, որ կասեն՝ կոնֆլիկտները մեզ մոտ բացակայում են: Գուցե կան, սակայն բարձրաձայնված չե՞ն: Նմանատիպ չբացահայտված ու «լուռ պատերազմների» պատճառով տղամարդիկ իրականացնում են «փախուստ դեպի դուրս››, երկար մնում աշխատանքի վայրում: Արդեն երեք, չորս տարեկան երեխային էլ նյարդային տիկերով, կակազությամբ, գիշերամիզությամբ, վախերով, շփման դժվարություններով ուղեկցում են հոգեբանի մոտ:

Շատ դեպքերում բոլորը կենտրոնանում են երեխայի վրա, իսկ հայրն ու մայրը մնում ընկճված: Անհրաժեշտ է բաց զրուցել նրանց հետ ևս, որպեսզի յուրաքանչյուրը հայտնի իր կարծիքը փոքրիկի մոտ ծագած խնդրի, հակասությունների մասին: Մասնավորապես՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող բալիկների ծնողները հոգեբանական աջակցության կարիք ունեն:  «Աուտիզմի սիմպտոմներ ունեցող փոքրիկների ծնողները ստանում են աուտիզմի վերաբերյալ միջազգային հարցաշար, որպեսզի գոնե իմանան՝ որոնք են աուտիզմի նշանները և ինչ անել: Համագործակցում ենք «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ շաքարային դիաբետի համար: Փորձում ենք բոլոր օղակներին տալ տագնապամարիչ, որը ստացվում է միայն կրթության շնորհիվ: Զինանոցի կողմից տրվող գիտելիքն է հենց ապահովում այդ զինվածությունը»,- ասում է Մարիամ Մեհրաբյանը:

Զինանոցի ղեկավարն ավելացնում է, որ հաջորդ ընդունելությունը կլինի գալիք տարվա հունիսի 15-ին: Գարնանը կլինի հոգեմարմնային խնդիրների մասին վեբինարների հետաքրքիր շարք, իսկ առաջիկա՝ հոգեբուժության ոլորտին առնչվող ծրագիրը դեռևս քննարկման փուլում է: Այժմ շեշտը դրված է «Հանուն հավերժության» նախագծի վրա, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին:

 

Լուիզա Աբրահամյան