Ինչպե՞ս վարվել, եթե երեխան պատահմամբ կամ ընկերների ուղղորդմամբ դիտել է բաց տեսարաններ պարունակող տեսանյութ

Խնդիրներ

Համացանցի հասանելիության պայմաններում դժվար է խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք  չափազանց բաց տեսարաններ պարունակող, ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումը և դրանց՝ երեխայի տեսադաշտում հայտնվելն են։

Փոքրիկը նման հոլովակ կարող է տեսնել պատահմամբ կամ ընկերների ուղղորդամբ, իսկ ծնողական վերահսկողությունն այդ պարագայում նույնիսկ անօգուտ կլինի։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանն ասում է, որ  նմանատիպ տեսանյութեր դիտելուց հետո երեխան միգուցե դառնա ագրեսիվ, ինքնամփոփ, հուզվի, տարվի կպչուն մտքերով։ Եթե ծնողը երեխայի վարքագծում նկատում է կտրուկ փոփոխություններ, ապա պետք է զրուցի նրա հետ և հիշի՝ տեղի ունեցածը փոխել հնարավոր չէ։ «Բալիկը կարող է մտածել, որ իր տեսածն աշխարհի ամենասարսափելի երևույթն է և պրոյեկտել հարազատների ու ծնողների վրա։  Նա, կարծես, ընկնում է սթրեսի մեջ և սպասում, որ խիստ զայրանալու են և մեղադրեն իրեն։ Փոքրիկը չի ցանկանա խոսել, քանի որ ամաչելուց բացի, կվախենա պատժվել ծնողի կողմից։ Հետևաբար իրավիճակը չբարդացնելու համար ծնողը պետք է ցուցաբերի միայն ու միայն հանգիստ վերաբերմունք։ Հարկավոր է հասկանալ, որ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ այդօրինակ իրավիճակներից փախչելը հնարավոր չէ»,- ընդգծում է հոգեբանը։

Իսկ ի՞նչ կերպ կարելի է օգնել երեխային հաղթահարել բացասական մտքերը։ Մասնագետի խոսքով՝ ծնողը կարող է ներկայացնել, որ մարդկության, կենդանական ու բուսական աշխարհի բազմացման հիմքում բեղմնավորման պրոցեսն է, անդրադառնալ դետալներին, նշել՝ սիրո արդյունքում լույս աշխարհ է գալիս հրաշք, սակայն իր տեսածն այն սերը չէ, ինչ ունեն մայրն ու հայրը։  Ծնողը կարող է պատմել նաև իր կյանքի պատմությունը, ասել՝ ինչպես է հանդիպել կյանքի ընկերոջը, ցանկացել երեխա ունենալ։ Անհրաժեշտ է խոսակցությունը տեղափոխել սիրո և ընտանիքի դաշտ։ Կարելի է բալիկին ասել, որ տվյալ հոլովակները համարվում են նորմայից դուրս։ Ծնողն այս ամենը կանի, եթե վստահ է իր ուժերի վրա և այնքան բազմակողմ են երեխայի հետ հարաբերությունները, որ խնդիրներ չեն ծագի։ Իսկ եթե ծնողը փակ է, երբևէ չի խոսել բալիկի հետ այդպիսի թեմաներով, համարում է ամոթ կամ ոչ մի կերպ չի կողմնորոշվում, ապա հոգեբանի դիմելու կարիք կլինի։ Ծնողը, որ չի կարողանում պատասխանել երեխայի՝ «որտեղից եմ առաջացել» հարցին, այս իրավիճակն էլ հանգիստ չի ընդունի և չի գտնի ինֆորմացիայի մատուցման ճիշտ ձևը։

Անի Ապիտոնյանը շեշտում է, որ ծնողները պետք է զրուցեն և երեխային տան ճիշտ սեռական դաստիարակություն։ Հիշենք, որ սեռական դաստիարակությունը մարմնի ճանաչումն է, ինքնաճանաչումը, հիգիենան, լոգանք ընդունելը, այլ մարդկանց ներկայությամբ դրսևորվող վարվելաձևի ընկալումը, ներքնազգեստը փոխելը և այլն։

 

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան