Երբ դասարանում խմբավորում են կազմում ու դուրս մղում դասընկերներից մեկին․ ինչու՞ է առաջանում այս խնդիրը և ինչպե՞ս շտկել

Խնդիրներ

Բոլորիս քիչ, թե շատ ծանոթ է այն իրավիճակը, երբ դասարանում աշակերտները կազմում են խմբավորում և փորձում կարծիք թելադրել մյուսներին: Նրանք կարող են չբավարարվել այդքանով ու դրա հետ մեկտեղ ընտրել «թիրախ», ծաղրել նրան, դուրս մղել շփման շրջանակներից և սիստեմատիկ «թունավորել» կյանքը:

Կոնկրետ այս իրադրությունը դպրոցական կյանքում հաճախ հանդիպող խնդիրներից է, որը կարելի է անվանել մոբբինգ: Անհատն  անարդարացիորեն ենթարկվում է ծաղրի, ճնշման ու վատ վերաբերմունքի: Մոբբինգն ինչ-որ տեղ հոգեբանական բուլիինգի հոմանիշն է: Պարզապես վերջինը կարող է վերափոխվել արդեն ֆիզիկական, ապա կիբեր ու սոցիալական բուլիինգի:

Ինչու՞ են առաջանում նման երևույթները, և ինչի՞ են ձգտում հասնել երեխաները նման գործողություններով: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի կարծիքով՝ խնդիրը այն է, որ երեխան փորձում է ինքնահաստատվել և ուժեղ է համարում այն մեկին, որին ավելի շատ մարդիկ կենթարկվեն։ Պայքար է  մղում ոչ միայն ինքնահաստատման, այլև տվյալ միջավայրում սոցիալական դիրքի ձեռքբերման համար։ Այստեղ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է նշանակում սոցիալական դիրքը դպրոցահասակի համար։ Մի աշակերտի համար այն լավ սովորելն է, երկրորդի դեպքում՝ լավ ընկերությունը, իսկ երրորդի պարագայում՝ իրեն ենթարկեցնելը։

«Ստեղծված իրավիճակում ունենալու ենք ագրեսոր-զոհ-փրկիչ կամ ագրեսոր-զոհ-ականատես օղակները։ Առաջինը Կարպմանի եռանկյունին է, որտեղ դերերն անընդհատ փոխվում են։ Զոհը որոշ ժամանակ անց կարող է դառնալ ագրեսոր, ագրեսիան ուղղորդողն՝ ընդունող, իսկ փրկիչը, որ փորձում էր շտկել իրադրությունը, կարող է ենթարկվել ագրեսիայի երկուսի կողմից էլ»,- բացատրում է հոգեբանը և ընդգծում՝  կան բռնությանն ականատես երեխաներ, որոնք լուռ հետևում են գործողությունների զարգացմանը։ Նրանք միգուցե թվան անտարբեր, բայց իրականում անիմաստ են համարում կռվի միջոցով հարցեր լուծելը կամ վախենում են ագրեսայի զոհ դառնալուց։

Այստեղ գլխավորապես տուժում է զոհը, որն ինքնապաշտպանական մեխանիզմներ չունի։ Հավանական է, որ աշակերտ-զոհն իր հերթին  հարազատների հանդեպ կիրառվող բռնության վկան է, ընտանեկան միջավայրում նրա հանդեպ է կիրառվում հոգեբանական,  ֆիզիկական ճնշում կամ էլ նրան դաստիարակելիս ասել են՝ չի կարելի մտնել բախման մեջ: 

Զատենք նաև ագրեսորի դեպքը, քանի որ նա էլ զոհն է իր ագրեսիայի և նույնպես պաշտպանվածության կարիք ունի։ Ագրեսիվ երեխաներն ավելի անիքնավստահ են և փորձում են այդպիսի մեթոդներով բալանսի բերել անինքնավստահությունն ու վախը։ Անի Ապիտոնյանն արձանագրում է, որ երեք կողմն էլ կարող են զգալ իրադրության բացասական հետևանքները։

Պետք չէ երեխաներին ասել, որ կոնֆլիկտի առաջացման դեպքում հարվածեն և առավել ուժեղ պատասխան տան դիմացինին։ Լավ կլինի, եթե բալիկին սովորեցնեն հանգիստ խոսքի միջոցով պարզել խնդիրները։ Իսկ որպեսզի երեխաները կարողանան իրագործել ամենը, ծնողներն էլ պետք է ունենան այդ հմտությունները։ Հոգեբանը շեշտում է, որ դպրոցում հարցը լուծում են մանկավարժն ու ծնողները միասին։ Հնարավոր է՝ ծնողը չտեսնի կամ չկարողանա պատկերացնել կատարվելիքը, սակայն ուսուցիչն ավելի լավ կհասկանա դասարանում տիրող մթնոլորտն ու կհնչեցնի ահազանգ։ Անհրաժեշտ է սերտորեն համագործակցել ու գործել հանուն երեխաների բարօրություն։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան