«Հոգեբաններից շատերը կարծում են, որ բռնություն կիրառող ծնողը ևս ունի հոգեբանական խնդիրներ». մասնագետ  

Խնդիրներ

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Երեխաների մեծ մասին ծնողներն անհարկի պատժում են միայն նրա համար, որ ծնողները զայրացած են կամ հոգնած կամ չգիտեն՝ ինչ անել: Դրա պատճառով երեխաները տառապում են ու իրենց անլիարժեք զգում, իսկ հետո երկար տարիներ տանջվում են երջանիկ լինելու համար:

Կոպիտ պատիժ, ծեծ կիրառող ծնողներն արդարացնում են իրենց գործողությունները՝ պատճառաբանելով, որ երեխայի վարքն անտանելի է: Այնինչ իրենք՝ որպես ծնող, անտանելի են երեխայի համար: Չի լինում մի օր, որ ես չկարդամ ծեծի մասին հպարտ արտահայտություններ և դրա տակ բազմաթիվ կարեկցական մեկնաբանություններ, թե խեղճ մայր, դե չի դիմանում, անում է: Մի մայրիկ էլ պատմում էր, որ երեխայի թաթիկն  ասեղով ծակել է, և նույնիսկ դա արդյունք չի տվել: Հոգեբաններից շատերը կարծում են, որ բռնություն կիրառող ծնողը ևս ունի հոգեբանական խնդիրներ, և նրան ևս պետք է հասկանալ: Համաձայն եմ միայն վերջին կետի հետ, պետք է հասկանալ, թե ինչու են մարդիկ այդպես վարվում: Դրա պատճառները հետևյալն են.

1. Անպատժելիություն

2. Իշխանություն

3. Հոգեբանական խնդիրներ՝ զայրույթի կառավարման դժվարություն

4. Գիտելիքների պակաս

Մեկ հարց եմ ուզում տալ. իսկ ինչո՞ւ է այդպես, որ այդ խնդիրներ ունեցող մարդիկ միայն իրենց բալիկներին են ծեծում, օրինակ՝ երբեք չեն ծեծում տան մեծ անդամներին, չեն ծեծում իրենց հարևանի երեխային, չեն ծեծում փողոցով անցնող անծանոթ մարդուն, որի արարքն իրենց դուր չի գալիս: Դուք ճիշտ եք, նրանց չի կարող ծեծել: Ստացվում է, որ մենք ծեծում ենք մեր երեխային, որովհետև կարող ենք դա անել և մեր երեխան, համեմատած մեզ հետ, անպաշտպան է: Բռնությունը ծնվում է իշխանությունից և անարդարությունից:

Ինչպե՞ս է ստացվում, որ այն երկրներում, որտեղ կա հստակ օրենսդրություն ընտանեկան բռնության վերաբերյալ, մարդիկ շատ ավելի կանոնավոր վարք են դրսևորում, և երեխաներն էլ, որոշ չափով, կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները: Ճիշտ եք՝ վախը պատժից միշտ օգնում է կառավարել հասուն մարդու վարքը:

Հոգեբանական խնդիրներն ու զայրույթի կառավարման դժվարություններն իսկապես պատճառ են հանդիսանում երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի: Սակայն այդ դեպքում ծնողները սովորաբար դիմում են մասնագետներին և աջակցություն խնդրում: Կամ նվազագույնը, գոնե մեղավոր են զգում իրենց արարքների համար և առնվազն չեն հպարտանում դրանով:

Գիտելիքների պակասն, իսկապես, պատժի չարաշահման պատճառ է, սակայն այս դեպքում դարձյալ այն չի վերածվում բռնության, այլ կարծրատիպային պատիժների կիրառում է լինում, ինչպիսիք շատերս ստացել ենք սովետական դաստիարակության պատճառով: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ երեխաներին ծեծող ծնողների ճնշող մեծամասնությունը գիտի, որ ծեծել չի կարելի, որ դա չի օգնում երեխայի վարքը կառավարել, սակայն շարունակում է:

Մի բալիկ ունեի, որն անընդհատ երազում հրեշներ էր տեսնում, այդ հրեշները միշտ հագնում էին իր մայրիկի զգեստները: Նկարներում բոլոր կախարդներն իր մայրիկի սիրելի գույներով էին հագնվում: Այդ մայրիկը հրեշ չէր, շատ սովորական մայրիկ էր՝  երեխային ծեծող, իր զգացմունքները չզսպող, բոլորին սիրող և երեխայի վրա ամբողջ զայրույթը թափող, սովորական հայ մայրիկ: