Ո՞ր տարիքից պետք է երեխայի հետ խոսել սեռական կյանքի մասին և ինչպե՞ս

Խնդիրներ

Տասնամյակներ շարունակ սեքսի և սեքսուալ հարաբերությունների մասին խոսելն ամոթալի և անպարկեշտ էր համարվում: Սեռական կյանքի մասին լռում էին ընտանիքում, դպրոցում:

Սեռական դաստիարակությունը  կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար: Երեխաները տարբեր տարիքում ծնողներին ուղղում են իրենց ծննդի մասին տարատեսակ հարցեր: Ինչպե՞ս պատասխանել երեխայի հարցերին, այս հարցում կօգնի «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը: 

 

1.   Ինչու՞ են ծնողները խուսափում սեռական դաստիարակությունից: Ո՞ր տարիքից պետք է երեխայի հետ խոսել սեռական կյանքի մասին: Ինչի՞ց պետք է սկսել և ո՞ր թեմաները պետք է շրջանցել:

Սեռական կյանքի մասին պետք է խոսել երեխայի հետ այն տարիքից, երբ նրա մոտ սկսում են հարցեր առաջանալ։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե երեխան ինչով է հետաքրքրված և դրա մասին զրույց ծավալենք նրա հետ։ Երեխաները սովորաբար 2,5-3 տարեկանից սկսում են իրենց սեռի վերաբերյալ հարցեր տալ։ Դա այն տարիքն է, երբ երեխայի մոտ ձևավորվում է սեռային ինքնագիտակցությունը, այսինքն՝ երբ երեխան հասկանում է, թե ինքը որ սեռին է պատկանում։

Հարցերի հաջորդ փուլը վերաբերում է երեխաների ծննդին և ի հայտ գալուն։ Ծնողների մեծ մասին թվում է, որ երեխայի ծնվելու մասին հարցերը սեռական կյանքի մասին հարցեր են։ Իրականում՝ երեխան պարզապես իր ճանաչողական հետաքրքրասիրությամբ փորձում է հասկանալ այն, ինչն անհայտ է իրեն։

Կա մի սխեմա, համաձայն որի՝ պետք է պատասխանել երեխաների հարցերին։ Դրանք մի շարք հարցեր են, որոնք պետք է տալ ի պատասխան նրանց հարցերի․

Որտեղի՞ց ես լսել սրա մասին։
Դու ի՞նչ գիտես դրա մասին։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։  

Առաջին հարցի միջոցով կարող ենք պարզել, թե երեխայի միջավայրում ինչպիսի՞ իրավիճակ է տիրում,  ովքե՞ր են նրա հետ շփվում, և արդյո՞ք կա որևէ վտանգավոր բան նրա միջավայրում։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ մտավախություն պիտի ունենա այս դեպքում ծնողը։

Երկրորդ հարցը կարևոր է, որպեսզի մենք պարզենք, թե երեխան ինչ գիտի այդ հարցի շուրջ, որպեսզի հետո նրան պատմենք իր իմացածից մի փոքր ավելին, այլ ոչ ամբողջ «ճշմարտությունը»։

Երրորդ հարցը կարևոր է երեխայի ինքնուրույն մտածողությունը խթանելու, հետաքրքիր պատասխաններ լսելու, ինչպես նաև նորից երեխայի գիտելիքների և պատկերացումների մակարդակը պարզելու համար։

Այս հարցերը տալուց հետո կարելի է երեխային մի քիչ ինֆորմացիա տալ իր հարցի վերաբերյալ։

 

2.   Ո՞ր տարիքում ի՞նչ պատմել: Ե՞րբ է անհրաժեշտ ասել ճշմարտությունը:

Կարևոր է հասկանալ, թե ճշմարտություն ասելով՝ մենք ինչ ենք հասկանում։ Վստահ չեմ, որ մարդկությունը գիտի ամբողջ ճշմարտությունը:

Ծնողներից շատերին թվում է, թե երեխան հատուկ հետաքրքրված է սեռական կյանքով։ Հոգեբանության մեջ դա պրոյեկցիա է կոչվում, այսինքն՝ մարդկանց հետ շփման և հարաբերությունների մեջ մենք նրանց վրա պրոյեկտում ենք մեր իսկ մտքերն ու ցանկությունները։ Այդ մեծերն են խիստ սևեռված սեռական կայնքի վրա, այն էլ ոչ բոլորը ու ոչ բոլոր մշակույթներում։ Իսկ երեխաները բացարձակ հետաքրքրված չեն դրանով, համենայն դեպս նրանք ավելի շատ հետաքրքրված են մատիտներով ու նոր մուլտերով:

Նախադպրոցական տարիքի երեխաներին, իհարկե, պետք չէ սեռական հարաբերությունների մասին պատմել։ ՉՆայած՝ շատ մասնագետներ իմ տեսակետը չեն կիսի և կասեն, որ անմիջապես պետք է ամբողջ ճշմարտությունն ասել։ Բայց ես կարծում եմ, որ երեխայի լույս աշխարհ գալու մասին հոգևոր երանգավորում ունեցող, հեքիաթային պատմությունները, որոնք ունեն նաև լուրջ թերապևտիկ նշանակություն, ավելի օգտակար են, քան ծնողների սեքսի մասին մանրամասները։

Կրտսեր դպրոցական տարիքում երեխան արդեն կարող է լիարժեք հասկանալ սեքսուալ հարաբերությունների բնույթը և դրա հետ կապված ամեն բան։ Բայց այս դեպքում ևս պետք է առաջնորդվել երեխայի գիտելիքների և հետաքրքրվածության մակարդակով։ Այս տարիքում կարելի է պատմել ֆիզիկական սիրո մասին, այն մասին, որ հայրիկն ու մայրիկը միանում են իրենց մարմիններով, և նրանց ներսում տարբեր նյութերի փոխանակում է տեղի ունենում, որ այդ գործում մասնակցում են մարդկանց սեռական օրգանները, որ դրանք նրանց սերունդը շարունակելու և երջանիկ լինելու օրգաններն են։ Պետք է խոսել նաև ֆիզիկական սիրո մասին, որ մարդիկ, երբ իրար շատ են սիրում, սիրում են ոչ միայն խոսքով, այլև ֆիզիկապես՝ միմյանց համբուրելով ու գուրգուրելով։ Իսկ ամուսինների սերը կոչվում է նաև սեռական հարաբերություն, որի արդյունքում երեխաներ են ստեղծվում։ Պետք է պատմել, որ դա շատ գեղեցիկ և ամենամեծ սիրո դրսևորումն է մարդկանց կյանքում։

Այս զրույցը պիտի դաստիարակող լինի՝ կախված նրանից, թե ինչպիսի հայացքներ ենք ուզում, որ ունենա մեր երեխան, հենց այդպիսի տեղեկություններ էլ կարող ենք նրան տալ:

Դեռահասության տարիքում արդեն երեխաներին պետք է պատմել իրենց մարմնի մասին տեղեկություններ և ֆիզիկական փոփոխությունների մասին մանրամասներ։ Այս գործը մասամբ իր վրա կարող է վերցնել նաև դպրոցը։ Այստեղ պետք է, որ երեխայի հետ զրուցի իր սեռի ծնողը։ Դա շատ կարևոր է՝ փորձի փոխանակման և նրանց հարաբերություններում ինտիմության ձևավորման համար։ 

 

3.   «...Քեզ արագիլն է բերել», «...գտել ենք կաղամբի միջից»...Անհրաժե՞շտ է խուսափել նման արտահայտություններից: Ինչպե՞ս պատասխանել երեխայի՝ «ինչպե՞ս եմ ես ծնվել» հարցին:

«Կաղամբից են գտել» կամ «արագիլն է բերել...» պատմությունը կարող էր այդքան վատը չլինել, եթե դրա մեջ ինչ-որ անհատականացված մի բան լիներ։ Բայց, քանի որ բոլորին այդ նույն արագիլն է բերում, կաղամբն էլ մի անհետաքրքիր բանջարեղեն է բանջարանոցում, արդեն երեխայի համար անօգուտ և անիմաստ մի տեղեկություն է։ Իսկ իր ծնվելու մասին պատմությունը պետք է դարձնել տոն ու հուզական մի պատմություն։ Սա այն առիթներից մեկն է, երբ մենք շատ մտերմիկ զրույցի միջոցով մեր երեխային կարող ենք տալ ամենադրական պատկերացումները  լույս աշխարհ գալու մասին։ Այստեղ չի կարելի շրջանցել այդ ամենի հուզական ու հոգևոր մասը։ Երեխայի ստեղծումը միայն ֆիզիկական պրոցես չէ։