Ուրախություն, զայրույթ, տխրություն, վախ․ փոքրիկը ֆիզիկական և մտավոր զարգացման հետ մեկտեղ ապրում է էմոցիանալ զարգացում, ու սրանք այն պարզ հույզերն են, որ հայտնվում են նրա կյանքի առաջին շրջանում։
Ընթացքում ծագում են ավելի բարդ հույզեր՝ ամաչկոտություն, զարմանք, հրճվանք, մեղքի զգացում, հպարտություն, կարեկցանք և այլն։ Սեփական ու այլոց ապրումները հասկանալու, դրանք կառավարելու կարողությունը կոչվում է հուզական ինտելեկտ։ Մեծանալուն զուգահեռ ինչպես լսողությունը, տեսողությունն ու հիշողությունն են կատարելագործվում, այդպես էլ՝ հուզական ինտելեկտի մակարդակը։ «Հուզական ինտելեկտի զարգացումը թույլ է տալիս երեխային արդյունավետ շփվել հասակակիցների և մեծահասակների հետ, կարգավորել վարքագիծը, կայացնել որոշումներ, արագ հարմարվել։ Այն սերտորեն կապված է հոգեկան առողջության հետ, ու որքան բարձր է հուզական ինտելեկտի մակարդակը, այնքան անձը հավասարակշռված է, հիվանդացության հավանականությունը քիչ է»,- նշում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մառա Հարությունյանը։
Երբեմն ծնողները կենտրոնանում են երեխայի ինտելեկտուալ զարգացման վրա՝ մոռանալով էմոցիոնալ ոլորտի կարևորության մասին։ Կարեկցանքի բացակայությունը, հույզերի մասին չխոսելը և չհասկանալը կարող են վկայել փոքրիկի հուզական ինտելեկտի ցածր մակարդակի մասին։ Ծնողները պետք է օրինակ ծառայեն բալիկների համար, խոսեն զգացողությունների մասին, լինեն «իրական», մուլտեր դիտելուց հետո քննարկեն՝ ինչու հերոսներն այդ ձևով վարվեցին։ Սխալ է երեխաների հույզերն արժեզրկելն ու ճնշելը, ասելը՝ «Կարևոր չէ, թե ինչ ես զգում», «Լաց մի՛ եղիր, ամոթ է», «Դա վախենալու չէ»։ Փոքրիկը մտածում է, որ արտահայտվելը ճիշտ չէ ու գուցե դրա համար պատժվի։
Հուզական ինտելեկտի զարգացման պրոցեսը կառավարելն առավել հեշտ է նախադպրոցական տարիքում։ Ուստի մասնագետն առաջարկում է մի քանի խաղ-վարժանքներ, որոնք կարելի է օգտագործել փոքրիկի հուզական ինտելեկտի զարգացման նպատակով։
1․Գուշակիր հույզը
Ցույց ենք տալիս երեխային քարտեր, որոնց վրա պատկերված են հույզեր և ասում, որ սկզբում անվանի դրանք, ապա կրկնօրինակի։
2․ Կենդանիների աշխարհ
Խնդրում ենք երեխային պատկերացնել ինչ-որ կենդանի և ցույց տալ իր հուզական արձագանքը տվյալ կենդանուն, մեկնաբանել՝ ի՞նչ հույզ էր դա և ինչու՞ արտահայտեց։
3․ Անավարտ նախադասություններ
Երեխային առաջարկում ենք նախադասություններ, որոնք նա պետք է շարունակի, կամ ներկայացնում իրավիճակներ և խնդրում անվանել իրադրությանը համապատասխան հույզ։ Օրինակ՝ «Ես ուրախանում եմ, երբ․․․ », «Ուզում եմ գնալ ընկերներիս հետ խաղալու, բայց դրսում անձրև է գալիս»։
4․Դերային խաղ
Ծնողը կարող է երեխայի հետ հորինել պատմություն և խաղալ որոշակի դեր, բեմականացնել հեքիաթ։ Սա թույլ է տալիս հասկանալ կերպարների հույզերն ու հնարավորություն տալիս արտահայտելու սեփականը։ Ծնողները կարող են նաև միացնել տարբեր երգեր ու երաժշտություն, տալ նկարներ, այնուհետ երեխային հարցնել՝ «Ինչ՞ զգացիր, երբ լսեցիր այս երգը», «Ինչու՞ ես կարծում, որ սա տխրություն արտահայտող նկար է»։