Ի՞նչ ճգնաժամ է ապրում կրտսեր դպրոցականը և որո՞նք պետք է լինեն ծնողների քայլերը

Զարգացում

Գալուստ Գյուլբենկյանի անվան N:190 ավագ դպրոցի հոգեբան Ասյա Անտոնյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է 6-8 տարեկանում առաջ եկող ճգնաժամի մասին և ներկայացրել հաղթահարման ուղիները:

Փոքրիկի կյանքում տեղի ունեցող հատկանշական իրադարձություններից մեկը դպրոց գնալն է, ինչի արդյունքում նա ծանոթանում է նոր մարդկանց և միջավայրի հետ։ Երեխայի օրերն անցնում են բավականին հագեցած, իսկ հիմնական դեպքերն ու խնդիրները գրանցվում են ընտանիքից դուրս։ Բալիկը բարդ հոգեբանական վիճակում է հայտնվում, քանի որ մանկապարտեզի համեմատ դպրոցը մեծ պահանջներ է դնում իր առջև։ Այս իրավիճակը 6-ամյա երեխայի մոտ ճգնաժամի հասունացման շարժառիթ է։ Բնականաբար, այլ նպաստող հանգամանքներ ևս կան․   

✓ Շարունակվում է փոքրիկի ֆիզիոլոգիական զարգացումը և նյարդային բջիջների միելինացումը։ Այս շրջանում  երեխան ավելի երկար է կարողանանում կենտրոնացնել ուշադրությունը և սկսում է դրսևորել կամքի ուժ։

✓ Կորչում է երեխայի անմիջականությունը։ Եթե 4-5 տարեկանում բալիկն արտահայտում է իր բոլոր զգացմունքներն անմիջականորեն, ապա 6-8 տարեկան երեխայի մոտ ինչ-որ չափով առաջանում է փակվածություն։ Ձևավորվում է նրա ներքին աշխարհը, կոնկրետ պատկերացումներ՝ ինչպիսին պետք է լինի մեծը։ Երեխան ձգտում է հանդես գալ նոր կերպարով։

✓ Բալիկը սկսում է առկա կանոնների և պահանջների նկատմամբ բողոքական վերաբերմունք ցուցաբերել, բացատրել՝ իր ինչին է պետք այս կամ այն գործողությունը։ Հակադրման մեջ տրամաբանական էլեմենտներ են նշմարվում։

✓ Սեռային նույնականացումը վառ կերպով դրսևորվում է։ Աղջիկներն  ընդօրինակում են մայրիկներին, տղաները՝ հայրիկներին կամ այն մարդկանց, որոնց համարում են հեղինակավոր։ Երեխաները փորձում են այդ դերերին առնչվող որոշակի պարտականություններ վերցնել իրենց վրա։

 

Ծնողը պետք է գիտակցի, որ հատկապես այս փուլում ընտանիքը երեխայի համար դառնում է ծանր խնդիրները հաղթահարելուց հետո ուժերի վերականգնման հանգրվան։ Ուստի լավ կլինի՝ հայրիկն ու մայրիկը հնարավորինս շատ ասեն երեխային, որ սիրում են նրան։ Խոսեն իրենց հույզերի մասին, նկարագրեն՝ ինչքան են զարմանում, հիանում երեխայով: Այդ սերն ու հոգատարությունը մեծ ուժ կտան փոքրիկին։ Հենց այս տարիքում է որոշվում, թե որքանով ծնողն ու երեխան մոտ կլինեն հետագայում։ Երբ բալիկը որևէ պատմություն ներկայացնի, ծնողը պետք է կարողանա լսել ու ցույց տալ իր անկեղծ հետաքրքրվածությունը։ Կարևոր է, որ մեծահասակը չքննադատի և տագնապալից ձևով չարձագանքի։ Երեխային ուղղորդելն անհրաժեշտություն է, սակայն դրա համար էլ հարկավոր է ճիշտ ժամանակ ընտրել ու գործել միանգամայն հանգիստ։

6-8 տարեկան երեխայի զարգացման կարևոր խթաններից են կանոններով խաղերը։ Դրանք սովորեցնում են բալիկին լինել նպատակի հանդեպ հետևողական ու դիմացկուն, ձևավորում են հանդուրժողականություն կանոնների հանդեպ։ Օրինակ՝ երեխաները ֆուտբոլ են խաղում, ու յուրաքանչյուրը նպատակ է դնում գոլ խփելու կամ էլ խաղադաշտից չհեռանալու։ 

 

Ուրիշ է՞լ ինչ անեն ծնողները

 

  • Փորձե՛ք օգնել երեխային լինել առավել ճկուն։ Կարելի է տանը մոդելավորել իրավիճակներ և բալիկին տալ հանձնարարություն՝ դուրս գա տվյալ իրավիճակից երեք տարբեր ձևերով։ Մեկ անգամ բացատրում ու ցույց է տալիս ծնողը, ապա հերթը փոխանցում փոքրիկին։  Ճկունության ձևավորումը կբերի ինտելեկտուալ և սոցիալական զարգացման։
  •  Ձգտե՛ք երեխայի հետ զրուցել այնպիսի լուրջ թեմաների շուրջ, որոնք դժվար թե նրա հետ շոշափեիք նախկինում։ Հարցրե՛ք՝ «դու ո՞րը կընտրեիր», «ի՞նչ ես կարծում»։ Կարծիքը հաշվի առնելն ու անընդհատ ընտրության հնարավորություն տալը դրական կերպով կազդեն երեխայի ինքնագնահատականի վրա։
  • Ձեր պահանջները ներկայացնելուց առաջ նկատե՛ք՝ արդյո՞ք երեխան կկարողանա կատարել։

 

Վերոնշյալ խորհուրդներին հետևելուց զատ հարկավոր է ուշադրություն դարձնել դպրոց-ծնող կապին։ Ծնողները պետք է երեխայի կարողություններն ու հավանական խնդիրները քննարկեն դասղեկի հետ։ Անհրաժեշտ է լինել երեխային օգնողի դերում՝ չմոռանալով, որ այս տարիքում է ձևավորվում պատասխանատվությունն ուսումնական գործընթացի նկատմամբ։      

 

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան