Վաղ, թե ուշ երեխան մոտենալու է ծնողներին և հարցնի՝ «իսկ ինչպե՞ս եմ հայտնվել այս աշխարհում»: Բալիկն այս հարցը հղելով՝ ակնկալում է մեծահասակներից պարզ և անկեղծ պատասխան: Այնինչ, նրանք շրջանցում են թեման կամ էլ մեջբերում հայտնի «արագիլն է բերել», «դուրս ես եկել կաղամբից» արտահայտությունները:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ խուսափելն ամենևին լուծում չէ, քանի որ բարդույթավորված ծնողը մեծացնում է բարդույթավորված երեխա։ Ըստ նրա՝ առաջին հերթին մեծահասակն իր մեջ պետք է հաղթահարի նմանատիպ հարցերի նկատմամբ ունեցած բացասական դիրքորոշումը, ամոթը և կարողանա դրանց նայել որպես պահանջմունք այնպես, ինչպես քնելու կամ ուտելու պահանջմունքն է։ Դրանից հետո տալ համապատասխան հանգիստ հակազդում՝ հաշվի առնելով երեխայի տարիքը:
Հոգեբանն առաջարկում է.
✓ Նախադպրոցական տարիքի երեխայի նման հարցին պատասխանել «Մի սերմի պատմության» միջոցով. հողի մեջ ցանում են սերմ, որից հետո անցնում է ժամանակ, և սերմը ծնվում է, դառնում է բույս, մեծանում ու ստանում անուն։
✓ Կրտսեր դպրոցականին ներկայացնել բեղմնավորումը, հղիությունը և ծնունդը վերը նկարագրվածին մոտ օրինակներով։ Բույսը կարելի է փոխարինել այլ առարկաներով կամ երևույթներով։
✓ Ավագ դպրոցականն արդեն «պահանջում է» իրականությունը։
Անհրաժեշտ է, որ ծնողը փոքրիկի հետ խոսի նրան հետաքրքրող կամ գուցե նոր ծագած, սակայն չբարձրաձայնվող հարցերի շուրջ, օգնի օգտվել սեռական դաստիարակության վերաբերյալ մանկական գրքերից։ Հակառակ պարագայում էլ երեխան կգտնի պատասխաններ, սակայն երևակայության, տարաբնույթ խեղաթյուրող տեսանյութերի կամ ընկերների հետ քննարկումների միջոցով, ինչը հղի է մի շարք վատ հետևանքներով՝ վախ հակառակ սեռից ու սեռական հարաբերությունից, արդեն հասուն տարիքում առաջին անհաջող սեռական փորձ, վախ ծննդաբերությունից և այլն։
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան