Ի՞նչ դեր ունեն ընտանեկան ավանդույթները երեխայի կյանքում. ձևավորումն ու ամրապնդումը

Զարգացում

Մայրիկն ու հայրիկը քննարկում են՝ ուր գնալ երեխայի հետ առաջիկա հանգստյան օրերին: Երկարատև մտորումներից հետո գալիս են վերջանական որոշման՝ կգնան սահադաշտ: Ճիշտ է՝ իրենք սահել չգիտեն, երեխան՝  առավել ևս, բայց դա օգտակար կլինի բոլորի համար:

Միասին ժամանակ անցկացնել, ընկնել ու վեր կենալ, սովորել, մեկմեկու վրա հույս դնել, չվախենալ, ի սրտե ժպտալ և թոթափել բացասական լիցքերը. ահա, թե ինչ կտա: Սա մտերիմների հետ միախմբվելու մեկ օրինակ է, բայց այն կարող է կրկնվել շատ անգամներ և դառնալ հաճելի ավանդույթ:

«Իմ փոքրիկ»-ը ներընտանեկան կյանքում արժեքների ստեղծման, սովորույթների ձևավորման մասին զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ: 

 

Համախմբումը ջերմացնում է

Ընտանիքի անդամների՝ որևէ նպատակի շուրջ համախմբվելու պարագայում յուրաքանչյուրը ստանում է դրական տպավորություններ, ձեռք բերում հմտություններ, նոր կարողություններ: Նկատենք՝ կատարվում է փորձի փոխանակում, ամեն ոք արտահայտում է սեփական կարծիքը, մեծն ու փոքրը հարգվում են հավասարաչափ: Նրանք սկսում են ավելի լավ ճանաչել միմյանց:  Օրինակ՝ հյուր գնալիս միշտ վերցնում են տանը պատրաստված անուշեղեն, ֆիլմ դիտում կամ հարազատի ծնունդը շնորհավորում հենց կեսգիշերին, տան մյուս անդամների հետ հաճելի անակնկալ պատրաստում նրա համար: Նախապատրաստական աշխատանքի ընթացքում ամրապնդվում են փոխհարաբերությունները, իսկ մյուսն իրեն շոյված է զգում և սիրված: 

Սովորույթները, որոնք ձևավորվում են տան ներսում, դառնում են ընտանիքի աղը, համն ու հոտը, ամուր հիմքը:  Սիրով լի ընտանիքում երեխան կզգա իրեն առավել պաշտպանված և սոցիալական միջավայրում խնդիրներն ավելի հեշտ կկարողանա լուծել: Դյուրին կստացվի, քանի որ երեխան ոչ միայն հաղորդակցվելու փորձ ունի, այլև կարողանում է կիսվել իր մտահոգություններով ծնողների, քույրերի ու եղբայրների հետ, քննարկումների արդյունքում գալ ճիշտ եզրահանգումների, գիտի՝ կարող է դիմել հարազատների օգնությանն առանց մեկ վայրկյան վարանելու և վստահ լինել, որ իրեն չեն ծաղրի: Փոքրիկին այս ամենը տալիս է ապահովության զգացում և հուզական կայունություն:

 

Պատրաստում ենք կերակրատեսակներ, համտեսում, կազմակերպում ուղևորություններ...

Կարելի է ճամփորդել, ներկայացումների գնալ, նկարչությամբ զբաղվել, միասին երաժշտություն լսել, գիրք ընթերցել, պարեր սովորել, որևէ սպորտաձևի հաճախել, զրուցել իրար հետ, կատակել: Օրինակ՝ ուղևորությունները պետք է լինեն ոչ միայն հայրենիքից դուրս, այլև՝ հայրենիքի տարածքում: Եթե ընտանիքում կա ուտեստներ պատրաստելու սովորություն, դրա մեջ նախևառաջ պետք է տեսնել, գնահատել գեղեցիկ սեղան պատրաստելը, միասին նստելը, հավաքվելը: Կարող են ազգային ուտեստներ պատրաստել: Փորձելը նորություն կբերի ընտանիք  և ավելի հետաքրքիր կդառնան հավաքույթները: Պետք է հոգևոր կողմը տարբերակել նյութականից: Իհարկե էական է ուտելու պահանջմունքը բավարարելը, բայց կարևոր է նաև իրար հետ շփվելը, պատմություններ պատմելը: Նման դեպքերում կապը մարդկանց, ազգի հետ ամրապնդվում է: Երբ երեխան տեսնում է այդ կապը, նրա ներքին ռեսուրսները, ներուժն ակտիվանում են և նա կարողանում է նոր նպատակներ դնել իր առաջ:

 

Սիրով է պետք գործել

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը սիրով ներգրավվի գործողությունների մեջ: Եթե ընտանիքի որոշ անդամներ չեն ցանկանում մասնակցել, վհատվելու կարիք չկա: Կարելի է կազմակերպել այն մարդկանց հետ, որոնք ունեն ցանկություն: Ընթացքում մյուսներն էլ կմիանան «խրախճանքին», եթե նրանց փոքրիկ դերեր հատկացվեն: Սա մի փոքր բարդ պրոցես է, սակայն ժամանակի  ընթացքում կարգավորում է: Կարևոր է բազմաբնույթ գործողությունների կազմակերպումը, դրանք պարբերաբար կրկնելը:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան