Փոքրիկը մեծացել է. ժամանակն է նրան մանկապարտեզ տանելու: Հարց է առաջանում՝ ո՞ր տարիքում երեխային հանձնել դաստիարակների խնամքին: Ծնողներն անհանգստանում են՝ ինչպե՞ս երեխան կհաղթահարի իր կյանքի առաջին լուրջ փոփոխությունը, չի՞ սկսի արդյոք հաճախ հիվանդանալ, լաց լինել, չե՞ն նեղացնի նրան, պատշաճ ուշադրություն կդարձնե՞ն և այլն:
Անհանգստացնող հարցերի պատասխանները երիտասարդ մայրիկներն ու հայրիկները փորձում են ստանալ իրենց ծանոթներից ու հարազատներից, ինչի արդյունքում շատ ավելի են խճճվում: Օրինակ՝ երիտասարդ մայրիկները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ երեխային հանձնել դաստիարակների խնամքին, ավագ սերնդի ներկայացուցիչները՝ տատիկներն ու պապիկները, խղճալով փոքրիկին, առաջարկում են իրենց օգնությունը՝ համոզելով ընդհանրապես չտանել մանկապարտեզ: Նրանք պատճառաբանում են, թե իբր այնտեղ երեխաների նկատմամբ ուշադիր չեն լինում, վարակները շատ են, և երեխան հասակակիցներից միայն վատ բաներ է ընդօրինակելու:
«Իմ փոքրիկ»-ը մեկտեղել է այս հարցի վերաբերյալ մասնագետների կարծիքները, որոնք ներկայացնում ենք ստորև.
Մսուր խումբ. կողմ և դեմ կարծիքներ
Որոշ փոքրիկներ մինչ 1.5 տարեկան ավելի հեշտ են տանում ծնողներից բաժանումը և առանց կամակորության մնում մսուրներում: Սակայն հոգեբանները զգուշացնում են՝ պետք չէ թուլացնել մեկամյա երեխայի կապը տան ու ծնողների հետ: Այդ տարիքում այն նոր է սկսում ձևավորվել: Ընտանիքի կորստի զգացողությունը, վաղ հասակում անծանոթ միջավայր տեղափոխվելը հետագայում կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի վրա:
Մոր հետ սերտ ու էմոցիոնալ կապը երեխայի հիմնական պահանջն է մինչ 3 տարեկանը: Այդ շփումից է կախված, թե ինչպես երեխայի մոտ կձևավորվի վստահություն աշխարհի ու շրջապատող մարդկանց հանդեպ: 1,5 տարեկան երեխաների մեծ մասը մորից բաժանումը ծանր ու ցավալի է տանում: Փոքրիկը դերևս կապված է ծնողների հետ և դժվարությամբ է շփման մեջ մտնում անծանոթների հետ: Եթե մանկիկն իրեն հարմարավետ չի զգում մսուրում, ապա ավելի լավ է նրան հանձնել տատիկի կամ դայակի խնամքին:
Մանկաբուժները պնդում են՝ մեկ տարեկան երեխայի իմունային համակարգը պատրաստ չէ ագրեսիվ միջավայրի հետ շփման: Եթե փոքրիկի մոտ տուն ներթափանցող բացիլների հանդեպ կա պաշտպանիչ շերտ, ապա մանկապարտեզում ամեն երեխա իր բացիլների փունջն է բերում, և փոքրիկը չի կարող խուսափել հաճախ հիվանդանալուց: Մանկապարտեզ հաճախելը կարող է լուրջ սթրես դառնալ փոքրիկ մարդուկի համար: Նա ստիպված է փոխել օրվա ռեժիմը՝ վաղ արթնանալ, հարմարվել անծանոթ երեխաներին և մեծերին, օտար միջավայրին, անսովոր ուտելիքին: Դրամատիկ բաժանումը, սիրո և ուշադրության պակասը, աղմուկն ու մարդաշատությունը երեխային հասցնում են ընկճվածության, անհանգստության և լացի: Սթրեսից թուլացած երեխան խոցելի է դառնում բացիլների և վիրուսների համար:
Մանկաբույժների մի մասը նշում է՝ 1,5 տարեկան փոքրիկին մսուր տանել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Տանե՞լ 2-2,5 տարեկան երեխային մանկապարտեզ
Երեխայի մոտ երկու տարեկանից հետո տեղի են ունենում ակնհայտ փոփոխություններ: Նա, որպես կանոն, ինքնուրույն ուտում է ու գիշերանոթ նստում, սովորում է ցանկությունները արտահայտել հասարակ ձայնարկություններով ու խոսքերով: Արագ տեմպերով զարգանում է ֆիզիկականը: Նա ավելի վստահ ու ճկուն է քայլում, վազում ու սողում, բարձրանում է աստիճաններով, սկսում է ցուցաբերել զգուշավորություն:
Եթե ծնողները փոքրիկին հաճախակի են հյուր տանում կամ տարբեր այլ տոնակատարությունների, խաղասրահ, զարգացման կենտրոն և այլն, ապա երեխան հարմարվում է անծանոթ միջավայրին, հանգիստ է վերաբերվում անծանոթ մարդկանց: Այնպես որ, հետևություն՝ այդ տարիքում փոքրիկն ավելի արագ ու հեշտ է հարմարվում նոր պայմաններին:
Եթե այդ տարիքում մանկապարտեզ գնալն անհրաժեշտություն է, ապա պետք է ամրացնել փոքրիկի իմունիտետը: Կարևոր է, որ ծնողները սովորեցնեն երեխային ինքնասպասարկման հասարակ ունակություններ՝ գուլպա ու կոշիկ հագնել, կոճակ կոճկել և այլն: Այդ դեպքում փոքրիկն առավել պատրաստ կլինի մանկապարտեզի կյանքին:
Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխային հետևել հատկապես մանկապարտեզ գնալու և նոր միջավայրում հայտնվելու առաջին շաբաթներին: Արդյո՞ք փոքրիկը վախ է զգում խումբ մտնելուց առաջ, ինչպե՞ս է տանում մտերիմներից բաժանումը, տրամադրությունը փոխվու՞մ է, թե՞ ոչ: Դա միշտ չէ, որ ակնհայտ է լինում: Հաճախ երեխան արտաքուստ հանգիստ է, բայց կամակորություն է անում երեկոյան, վատ է քնում, գիշերները լացում է, հաճախ հիվանդանում:
Եթե մի քանի շաբաթվա ընթացքում իրավիճակը չի կարգավորվում, ուրեմն խնդիրը երեխայի չհարմարվելն է: Նման դեպքում հոգեբանները խորհուրդ են տալիս փոփոխությունների չգնալ և թողնել երեխային տանը:
Հոգեբանների խոսքով՝ եթե մայրիկին անհրաժեշտ չէ շտապ աշխատանքի դուրս գալ, ապա ավելի լավ է չշտապել երեխային մանկապարտեզ տանելու հարցում: