Ի՞նչ անել, երբ երեխան չափազանց ակտիվ է

Զարգացում

Ակտիվ երեխաները կարող են ժամերով թռչկոտել, վազել ու չհոգնել: Թվում է՝ միակ բանը, որ նրանց մոտ չի ստացվում, հանգիստ նստելն է:

Ծնողների նյարդերը երբեմն տեղի են տալիս, զայրանում են այն բանի համար, որ իրենց երեխան դեռ երեխա է: Հիշեք՝ երեխաները պետք է լինեն ակտիվ ու շարժուն:

Որպեսզի երեխայի ակտիվությունը չվնասի հենց իրեն, պետք է նրա էներգիան «ճիշտ օգտագործել»: Սա արդեն ծնողների խնդիրն է:

 

Ակտիվ զբաղմունքներ տանը

Եթե դրսում վատ եղանակ է, և երեխան պետք է  տանը մնա, անհապաղ պետք է մի բան մտածել՝ փոքրիկին զբաղեցնելու համար: Կարող եք կավ, պլաստիլին գնել կամ խմոր պատրաստել: Երեխային դուր կգա դրանցով զբաղմունքը: 

Հետաքրքիր ու ծիծաղելի խաղ է բարձերով կռիվը: Այս խաղը երկար չի ձգվում: «Հակամարտող կողմերից մեկը» հոգնում և պարտվում է: Խաղը կբարձրացնի թե ծնողի, թե երեխայի տրամադրությունն, ու կստեղծի մտերմիկ մթնոլորտ:

Հաջորդ խաղը պարն է: Սա լավ միջոց է՝ էներգիան պարպելու համար: Երաժշտության ներքո կարելի է նաև մարզանք կամ մաքրություն անել:

Կարող եք մարզանք անել՝ մրցելով, թե ով ավելի շատ տվյալ գործողությունը կկատարի։ 

Մեկ այլ տարբերակ էլ փոքրիկին տնային գործերին ներգրավելն է։ Օրինակ՝ կարող եք  նրան ասել, որ հիմա սկսում եք տունը մաքրել, և նա ձեր կրտսեր օգնականն է։ Կարող եք խնդրել, որ անվտանգ իրերը նա բերի մի սենյակից մյուսը։ Երեխաները սիրում են, երբ իրենց ներգրավում են մեծական աշխատանաքներում։ 

 

Հանգիստ դրսում

Եթե դրսում լավ եղանակ է, ապա առիթը բաց մի թողեք՝ երեխայի հետ դրսում զբոսնելու համար: Կարելի է վազել, թռչկոտել, քայլել, խաղալ, հեծանիվ քշել: Ի դեպ, եթե ամառային անձրև է տեղում, մի' շտապեք տուն վազել, կարելի է հանել կոշիկներն ու վազել, քայլել անվտանգ մակերեսով տարածքում:

 

Սպորտ

Երեխային անպայման սպորտի տարեք։ Լողը, մարմնամարզությունն ու պարնը հիանալի տարբերակներ են։ Թե՛ կկոփեք երեխային, թե՛ կամրանան մկաններն ու թե՛ կազատվի ավելորդ էներգիայից։

 

Հիշեք՝ երեխան պետք է շարժվի ու պարպի ավելորդ էներգիան: