Երեխան՝ խոհանոցում. անվտանգության կանոններ և խաղեր    

Զարգացում

 Երեխաները սովորաբար  սիրում են  մայրիկի հետ ժամանակ անցկացնել խոհանոցում:

Նրանց  համար ուրախ է և հետաքրքիր: Բայց երբեմն փոքրիկը մայրիկին խանգարում է: Ի՞նչ անել, որպեսզի և՛ երեխան չխանգարի մայրիկին, և՛ մայրիկը չնեղացնի փոքրիկին:

Առաջին հերթին կարևոր է պահպանել անվտանգության կանոնները:

 Նախքան երեխային խոհանոց թողնելը  պետք է.

  • Հավաքել և պահել քիմիական բոլոր նյութերը,
  • Երեխայի ձեռքի տակից հավաքել բոլոր դանակները, պատառաքաղները,
  • Ուտելիքը, միսը դնել այնտեղ, որտեղ երեխայի ձեռքը չի հասնի,
  • Կենցաղային տեխնիկան ևս դնել այնտեղ, որտեղ երեխայի ձեռքը չի հասնի,
  • Երեխայից հեռու տանել աղբամանը, հոգալ, որպեսզի երեխան չկարողանա դիպչել գազօջախին,
  • Մաքրել հատակը:

Անպայման հետևեք վերը նշված անվտանգության կանոններին: Երեխայի ներկայությամբ ոչ մի դեպքում մի բացեք ջեռոցը: Փոքրիկը կարող է ցանկանա կրկնել մայրիկին և վնասի իրեն:

Խաղեր խոհանոցում

Երբեմն ամենահետաքրքիր խաղերը կարող են ոչինչ թվալ երեխայի համար, երբ նա խոհանոցում է: Փոքրիկ աղջիկները ցանկանում են օգնել մայրիկին, օրինակ՝  նախաճաշ կամ ընթրիք պատրաստելիս: Ստորև ներկայացնում ենք մի քանի խոհանոցային խաղեր, որոնք փոքրիկին «զբաղված» կպահեն խոհանոցում՝ առանց մայրիկին խանգարելու։ 

Խաղ-1. Գանձարան

Կարող եք փոքրիկ արկղ դնել խոհանոցում  և երեխային տալ բանջարեղեն, միրգ, որպեսզի  նա  թաքցնի  այդ արկղի մեջ: Իսկ կերակուր պատրաստելիս կարող եք խնդրել նրան, որպեսզի իր «գանձերից» մեկը Ձեզ տա՝ ճաշ պատրաստելու համար: Այդպիսով նա կդառնա Ձեր օգնականը և իր մասնակցությունը կունենա համեղ կերակուրի պատրաստմանը։ 

Խաղ-2. Խոհանոցային պարագաներից բուրգ

Երեխայի համար կարող եք գնել պլաստմասե բաժակներ, ափսեներ, որոնցից նա բուրգ կպատրաստի՝ մեկը մյուսի վրա դնելով:

 Խաղ-3. Կափարիչ-հայելի

Երեխան շատ կուրախանա, երբ իր արտացոլանքը տեսնի կաթսայի կափարիչի վրա: Կափարիչն, իհարկե, չպետք է լինի ապակուց:

Խաղ-4. Սպունգե շենք

Աման լվանալու սպունգը  շատ լավ  փոխարինում է քարե սալիկներին, որոնց միջոցով փոքրիկը կարող է կառուցել պատ: Միայն թե ուշադիր եղեք, որ փոքրիկ չարաճճին բերանը չտանի սպունգը:

Հիշեք, որ երեխայի ձեռքում հայտնված յուրաքանչյուր իր պետք է լինի մաքուր: