9 խորհուրդ ծնողներին. ինչպե՞ս երեխայի հետ կատարել տնային աշխատանքներն ու չնյարդայնանալ

Զարգացում

Եթե երեխայի հետ դասապատրաստումը վերջանում է վեճով և տրամադրության անկումով, եթե տնային աշխատանքներ կատարելը դժվար է երկուսիդ համար էլ, ապա այս խորհուրդները Ձեզ համար են:

Կանոն 1. Պարզեք պատճառը:

Եթե երեխան չի ցանկանում կատարել տնային աշխատանքները, եթե մտածում է տարբեր պատճառներ՝ ձգելու ժամանակը, շեղում է Ձեզ, որպեսզի չհիշեք իր դասերի մասին, ուրեմն անպայման փորձեք հասկանալ պատճառը: Բոլո՞ր առարկաների դեպքում է այդպես: Եթե երեխան առհասարակ չի ցանկանում տնային աշխատանքները կատարել, ապա կարդացեք կանոն 2-ը և 3-ը:

Տնային աշխատանքները չկատարելու պատճառները կարող են տարբեր լինել՝ չի սիրում առարկան, ուսուցչին, կան որոշակի ասոցիացաներ այդ առարկաների հետ կապված: Այս դեպքում էլ կարդացեք կանոն 7-ը:

Կանոն 2. Թույլ տվեք երեխային մի քիչ ցրվել:

Դպրոցից տուն գալուն պես մի՛ ստիպեք երեխային անցնել դասերին: Նրան ընդմիջում է անհրաժեշտ, որպեսզի կտրվի դպրոցական կյանքից: Հիանալի կլինի, որ այդ ընդմիջումը լինի ճաշի, մաքուր օդում զբոսնելու կամ միասին խաղալու տեսքով:

Կրտսեր դպրոցականներին անհրաժեշտ կլինի նաև մի քիչ քնել: Կարևորը՝ երեխան տնային աշխատանքները կատարի թարմ ուղեղով:

Կանոն 3. Սահմանեք դասերը կատարելու հատուկ օրակարգ:

Հատուկ օրակարգ սահմանեք, որպեսզի երեխան տնային աշխատանքները կատարի առանց սթրեսի: Օրինակ՝ կարող եք ժամ սահմանել, որ ամեն օր նույն ժամին փոքրիկը կատարի տնային առաջադրանքները: Առհասարակ, օրվա համար հստակ ռեժիմ ունենալը շատ օգտակար է: Այն կօգնի երեխային լինել նաև կազմակերպված: Հետո արդեն երեխայի մոտ ենթագիտակցորեն գործողությունների հաջորդականություն կձևավորվի՝ ընթրել, լոգանք, քուն:

Կանոն 4. Տնային աշխատանքները կատարելու ընթացքում հաճախ ընդմիջումներ կատարեք:

Որպեսզի տնային աշխատանքները երեխան առանց սթրեսի կատարի, թույլ տվեք նրան 5-10 րոպե ընդմիջում անել: Այդ ընթացքում երեխան կարող է  քայլել, ջուր խմել, միրգ ուտել:

Ընդմիջման ժամանակ կհանգստանան նաև աչքերը:

Կանոն 5. Մասնակցեք դասապատրաստմանը:

Որպեսզի երեխան դժկամությամբ չկատարի դասերը, օգնեք նրան կատարել տնային առաջադրանքները: Այս դեպքում շատ կարևոր է համբերատարությունը: Հատկապես կրտսեր  դպրոցականներին անհրաժեշտ է օգնել դասապատրաստման ընթացքում, որպեսզի դժվարությունները չկոտրեն սովորելու ցանկությունը: Տարիքի հետ երեխան կսկսի ինքնուրույն կատարել տնային աշխատանքները:

Կա նաև մեկ այլ տարբերակ: Երեխան կատարում է տնային աշխատանքներն ինքնուրույն, Դուք ստուգում եք: Կարևոր է գովել փոքրիկին ու ընդգծել իր ինքնուրույնությունը. «խելացի, բոլոր դասերդ արեցիր ինքնուրույն: Արդեն մեծ ես»:

Կանոն 6. Չկատարել երեխայի փոխարեն տնային աշխատանքները:

Ծնողները չպետք է կատարեն երեխայի փոխարեն տնային առաջադրանքները: Երբեմն Ձեզ մոտ կարող է ցանկություն առաջանալ երեխային հուշել պատասխանը, որպեսզի շուտ վերջացնի դասերն ու Ձեզ էլ թողնի կատարել Ձեր գործերը: Չի՛ կարելի: Առաջին հերթին Դուք երեխայի համար վատ օրինակ եք ծառայում: Որոշ ժամանակ անց նա ինքը կխնդրի Ձեզ իր փոխարեն կատարել: Երկրորդ՝ նա երբեք չի սովորի ինքնուրույն լինել:

Կանոն 7.  Անկեղծ զրուցեք երեխայի հետ:

Եթե երեխան ուսումն ընդունում է բացասաբար, անկեղծ խոսեք նրա հետ: Պատմեք նրան Ձեր դպրոցական տարիների մասին, որպեսզի երեխան հասկանա, որ առանց ուսման ոչինչ չի տրվում մարդուն: Արդյունքի հասնելու համար լավ ուսում է անհրաժեշտ: Եթե երեխան խնդիր ունի ուսուցչի հետ, այդ հարցին նրբորեն մոտեցեք: Բացատրեք երեխային, որ ուսուցիչը նույնպես մարդ է, ով իրավունք ունի սխալվելու: Բացատրեք երեխային՝ ինչպես պետք է իրեն դրսևորի դասերի ընթացքում, այդ դեպքում խնդիրները կվերանան: Երեխային բացատրեք, որ եթե կարծում է` կարիք կա, Դուք ինքներդ կխոսեք ուսուցչի հետ: Եթե երեխան չի կարողանում լեզու գտնել դասընկերների հետ, փորձեք հասկանալ պատճառը: Գուցե կազմակերպեք ընդհանուր հավաք և մտերմացնեք երեխային իր դասընկերների հետ:

Կանոն 8. Կրկնուսույցի ծառայություններին դիմեք միայն ծայրահեղ դեպքում:

Կրկնուսույցին պետք է դիմել միայն այն դեպքում, երբ իսկապես չեք հասցնում օգնել իրեն կամ էլ գլուխ չեք հանում այդ առարկայից: Աշխատեք երեխային չծանրաբեռնել: Հավատացեք՝ Ձեզ հետ դասապատրաստումն ավելի հաճելի կլինի երեխայի համար:

Կանոն 9. Համբերատար եղեք:

Համբերատար եղեք, մի զայրացեք, երբ երեխան չի հասկանում որևէ բան: Դարձյալ բացատրեք ու օգնեք հասկանալ: Ձեր համբերատարությունը կտա արդյունքներ, երեխան կսկսի սիրել ուսումն ու դասերը կատարել անտրտունջ: