3 բանալի, որով կբացեք լավ ծնող դառնալու դուռը

Զարգացում

Երբ տանը հայտնվում է նոր մարդուկ, սկսվում է նորածնի խնամքի հետ կապված հարցերի շարան: Բայց, նախ, սկսենք նրանից, թե էմոցիոնալ հարթակում ինչ պետք է անեն մայրիկն ու հայրիկը, որպեսզի հարաբերությունները առողջ ու գեղեցիկ հունով ընթանան։

Երեխան պետք է վստահ լինի, որ իրեն սիրում են

Ծնողների առաջին առաջադրանքը՝ սիրել երեխային, հոգ տանել նրա մասին: Դա, իհարկե, անում են գրեթե բոլոր ծնողները։ Բայց դե, ընտանիքներում լինում են նաև անախորժություններ։ Սակայն դրանք չպետք է ազդեն երեխայի վրա: Կա կարծիք, որ շատ հոգատար ծնողների երեխաները լինում են եսասեր ու եսակենտրոն: Եթե ծնողները ցանկանում են դաստիարակել ինքնաբավ երեխայի, պետք է լինեն ուշադիր ու հոգատար, քանի որ էգոիզմն ու բնավորության վատ գծերը, որպես կանոն, ուշադրության ու սիրո պակասի հետևանք են:

Երեխայի հետ միշտ եղեք հոգևոր կապի մեջ

Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է հոգևոր կապը սիրելի մարդու հետ: Դա ազդում է մարդու հոգեբանության վրա, ներշնչում է նրան վստահություն ու դրական լիցքեր հաղորդում: Երեխայի հետ նման կապն ամուր պահելու համար պետք  է պարբերաբար հետաքրքրվել երեխայի կյանքով, առօրյայով, բայց չվերահսկել:

Հաճախ զրուցեք երեխայի հետ

Երեխայի ու ծնողի միջև փոխհամաձայնությունն առաջանում է երկխոսության միջոցով: Եթե կան խնդիրներ, պետք է միասին լուծել: Ծնողների փորձը կօգնի երեխային կողմնորոշվել ու ճիշտ լուծումներ գտնել տարբեր հարցերում: Երեխային պետք է ոչ թե պարտադրել ծնողների կարծիքն, այլ օգնել նրան կայացնելու ճիշտ որոշումներ: Կան տեսակետներ, որոնք արդեն ակտուալ չեն, ծնողներն իրենք ևս պետք է հաշվի նստեն երեխայի կարծիքի հետ:

Երեխայի դաստիարակությունն իսկապես շատ պատասխանատու գործ է: Դուք ինքներդ եք դնում ապագա անհատ քաղաքացու հիմքը: