Ծնողները հաճախ են մատնանշում փաստը, որ բալիկը կարող է երկար ժամեր անցկացնել համակարգչի առջև նստած կամ սմարթֆոնը ձեռքին:
Ի՞նչ է անում երեխան: Նա սոցհարթակներում է, դիտում է բլոգերների տեսանյութեր և մուլտֆիլմեր, խաղում օնլայն խաղեր: Իսկ եթե երեխան ոչ թե պարզապես խաղա, այլ ի՞նքը ստեղծի նմանատիպ խաղ: Դա կլինի ոչ միայն օգտակար աշխատանք, այլև փոքրիկ քայլ դեպի ծրագրավորման աշխարհ:
«Okay Code» ծրագրավորման դպրոցի հիմնադիր-ուսուցիչ Մհեր Երզնկանյանն ասում է, որ իրենց աշակերտները հասցրել են այդպիսի շատ խաղեր պատրաստել: Դրանցից մեկը կոչվում է «Թիվ»: «Դուք էկրանին տեսնում եք միահյուսվող ճանապարհների ցանց, որի տարբեր անկյուններում 1-ից 9 թվերն են, իսկ դարպասի մոտ՝ 15 թիվը: Երեխան հրահանգների ու քայլերի այնպիսի հաջորդականություն է մշակել, որ խաղացողը պետք է մոտենա և ընտրի երկու թիվ, որոնք գումարելով` կստանա 15: Երկրորդ մակարդակում ճանապարհին հանդիպում է «խանգարող» թվի, որն անպայման վերցնում է: Եթե խոչընդոտ դառնա 3-ը, ապա պետք է 15-ից մտովի հանի 3, այնուհետ հասկանա՝ այժմ որ թվերը վերցնել, որոնց գումարը կստացվի 12: Փուլ առ փուլ խաղը բարդանում է: Ինչպես նկատում եք, խաղային բաղադրիչները, մաթեմատիկան ու ծրագրավորումը հանդիպում են միևնույն կետում»,- նկարագրում է ուսուցիչը: Նրա խոսքով՝ սա, նախևառաջ, օգնում է երեխային պատկերացում կազմել սիրելի խաղերի կերտման մասին: Երկրորդ հերթին ցույց տալիս՝ ինչ մեծ աշխատանք են անում մասնագետները, և երրորդ՝ ապացուցում, որ ամեն ինչ հնարավոր է:
Ծրագրավորում սովորելու համար միակ պարտադիր նախապայմանը ցանկությունն է: Ուսուցման պրոցեսը սկսելու հարցում օտար լեզվի չիմացությունը կամ մաթեմատիկայի նվազ իմացությունը սահմանափակում չէ: Ծրագրավորումը նպաստում է և՛ գիտելիքների, և՛ հաղորդակցման հմտությունների զարգացմանը: «Երեխաներից մեկը տալիս է խաղի գաղափար, որը քննարկում ենք թիմի ներսում: Փոքրիկները շփվում են միմյանց հետ ու մտքեր փոխանակում: Դե իսկ այս թիմային աշխատանքը ծնում է որակ: Ծրագրավորումը սովորեցնում է նրանց լուծել խնդիրներ ու այդպիսով օգնում նաև ստեղծագործական հմտություններ դրսևորել: Հաշվի առնենք՝ յուրաքանչյուր խնդիր ունի լուծում, իսկ տվյալ լուծումը միշտ չէ, որ ակնհայտ է: Ուստի հարկավոր է ունենալ ստեղծագործ մտածելակերպ՝ դա վեր հանելու համար»,- նշում է մարզիչը և շեշտում՝ փոքրիկների հետ աշխատելը երբեմն ավելի բարդ է, քան մեծահասակների: Մեծահասակը գիտակցում է, որ ծրագրավորումը նրան անհրաժեշտ է ու դասընթացների հաճախում է, քանի որ ունի հստակ նպատակ՝ ինչ-որ տեղ աշխատանքի ընդունվել, առավել հմտանալ կամ միգուցե փոխել միջավայրը: Իսկ փոքրիկները հաճախում են դասընթացներին՝ հետաքրքրությունից ելնելով, և շատ կարևոր է, որ մոտիվացիան նրանց մոտ պահպանվի: Պետք է քաջալերել նրանց, որպեսզի հետ քայլ չանեն, կարողանան առավել արագ ու հեշտ արձագանքել մարտահրավերներին: Միանշանակ, ամեն ինչ հարթ չի ընթանա: Կլինեն թե՛ ձախողումներ, թե՛ կոնֆլիկտներ: Անհրաժեշտ է, որ ծրագրավորում սովորող անձը համառ, աշխատասեր ու լուրջ գտնվի:
Դասավանդող ուսուցիչները ծանրակշիռ դերակատարում ունեն երեխայի առաջադիմության հարցում: Երբ փոքրիկը հարց է տալիս, նրանք պետք է պատրաստ և իրազեկ լինեն: Ու եթե անգամ չիմանան, անպայման փնտրեն պատասխանն ու ջանք գործադրեն, սովորեն և բացատրեն: Տվյալ մոտեցումներով առաջնորդվող Մհեր Երզնկանյանը երկու տարի «Արմաթ» խմբակներում դասավանդելուց և իր սաներից երկուսին մրցանակային տեղեր հասցնելուց հետո ցանկացավ բացել սեփական խմբակը: «Սկզբնական շրջանում դասընթացներն օնլայն էին անցկացվում, բայց հետագայում անցում կատարեցինք առկա ուսուցման: Ներկայումս էլ օնլայն ձևաչափով դասեր ունենք: Օֆլայն ֆորմատի դեպքում վերահսկում ես երեխային, ավելի լավ հասկանում՝ ինչը չի ստացվում և ուշադրություն դարձնում դրա վրա: Օնլայնի առավելությունն էլ այն է, որ մարզերի երեխաները հաճույքով միանում են»,- պատմում է նա: Մոտ մեկ ու կես տարի է, ինչ գործունեություն են ծավալում և արդեն մասնաճյուղ ունեն Վանաձոր քաղաքում:
«Okay Code» դպրոցում ընդունելությունը սկսվում է 8 տարեկանից, և այնտեղ երեխաները կարող են սովորել Scratch ծրագրավորում, Web ծրագրավորում, Arduino ռոբոտաշինություն: «Օրինակ՝ վեբ ծրագրավորման դասերի ընթացքում սովորում են պատրաստել կայքեր: Մեր աշակերտներից մեկը, որ սիրում է պատմություն առարկան, ստացած գիտելիքների հիման վրա պատրաստել է կայք, որտեղ ընդգրկված են տեղեկություններ զանազան համաշխարհային քաղաքական իրադարձությունների ու դեմքերի վերաբերյալ: Ծրագրավորման և պատմության ոլորտները զուգակցելով՝ ստացել է օգտակար ու գրավիչ վերջնարդյունք»,- նշում է մասնագետն ու շարունակում՝ ամենևին կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրի երեխան հետագայում՝ բժիշկ, իրավաբան, թե դասախոս: Ցանկացած բնագավառի և ծրագրավորման միջև կապ հաստատել հնարավոր է, ամեն ոք կարող է իր հետաքրքրության մասնիկը գտնել հենց ծրագրավորման մեջ: