Ինչպե՞ս կանխել կամ հաղթահարել երեխայի կամակորությունը

Դաստիարակություն

25-ամյա Գոհարի որդին 3 տարեկան է, սակայն շատ կամակոր է: Մայրը պատմում է, որ որդու ամեն մի ցանկություն ստիպված է կատարել, այլապես որդին սկսում է հոնգուր-հոնգուր լացել, ոտքերով հարվածել հատակին, մինչև իր պահանջը ծնողները կկատարեն: «Ոչ այն է` ծեծեմ երեխային, ոչ էլ պահանջները կատարեմ: Բայց խիղճս չի տանում տեսնել, թե ինչպես է երեխան ժամերով լացում»,-ասում է մայրը՝ չիմանալով, թե ինչպես կարելի է հաղթահարել որդու կամակորությունները:

Ըստ հոգեբանների` կամակորությունը երեխայի այնպիսի պահվածքն է, որը չի համապատասխանում ծնողների ակնկալիքներին: Ավելի հաճախ կամակորության դիմում են փոքրահասակները, քանի որ ծնողները չեն ընկալում նրանց ուղարկած ազդանշանները կամ չեն հասկանում: Սրա հիմնական պատճառն այն է, որ ծնողները լավ չեն հասկանում իրենց երեխային, իսկ նա դեռևս չի կարող հստակ արտահայտել իր ցանկությունները:

Փոքրիկ երեխան, որի պահանջները չեն բավարարվել, դիմում է կամակորության՝ հույսով, որ իրեն կհասկանան գոնե այդպես: Կամակորությունը, ըստ էության, երեխայի մոտ ձևավորվում է ծննդյան պահից: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ երեխային շրջապատող մեծահասակներն անտեսում են նրա կանչի ազդանշանները և արձագանքում են միայն լացի ձայնին: Այսպիսով, երեխայի մոտ ռեֆլեքս է ձևավորվում. երբ նա ուզում է, որ իմանան իր կարիքների մասին և ուշադրության արժանանան, սկսում են բարձրաձայն լացել կամ գոռալ:

Կամակորություն անելու ցանկություն առաջանում է բոլոր երեխաների մոտ տարբեր տարիքներում: Բոլոր երեխաներն էլ փորձարկում են արտաքին աշխարհը, այդ թվում` ծնողների հետ շփման եղանակները: Մոտավորապես երեք տարեկանում երեխաների մոտ ձևավորված է լինում ծնողների հետ շփման մոդելը: Հետագայում կամ այդ մոդելը զարգանում է, կամ այն փոփոխելու փորձեր են անում թե՛ ծնողները, թե՛ երեխաները: Երեխայի պահվածքը հաճախ պայմանավորված է իրավիճակով. նա կարող է կամակորություն անել, երբ հոգնած է, քնել է ուզում, իրեն անուշադրության մատնված է զգում և այլն: Նման պարագայում ծնողները պետք է փորձեն վերացնել կամ մեղմել կամակորության պատճառները:

Սա չի վերաբերում դեպքերին, երբ երեխայի մոտ կամակորությամբ իր նպատակին հասնելը սովորություն է դարձել: Հոգեբանները պարզել են, որ երեխան ավելի հեշտ և հաճուքով է կատարում ծնողի պահանջները, եթե դրանք ներկայացվում են խաղի միջոցով: Օրինակ, եթե առաջարկեք փոքրիկին ուտել կամ հագնվել ձեզ հետ մրցելով, ապա երեխան ինքնակամ և արագ կսկսի ուտել, հագնվել կամ լվացվել: Կարելի է նաև առաջարկել, որ երեխան իր սիրելի խաղալիքին ցույց տա, թե ինչպես է պետք լվացվել: Կարելի է կիրառել նաև մեղմ պատժի մեթոդը. օրինակ` եթե երեխան իր խաղալիքները տնով մեկ շաղ տալուց հետո հրաժարվում է դրանք հավաքել, ապա հավաքեք և պահեք խաղալիքները 1-2 օրով: Երեխայի կամակորությունների պատճառ կարող է դառնալ նաև ձանձրույթը: Նման պարագայում ցանկալի է, որ երեխան իր տարեկիցների հետ շփվելու հնարավորություն ունենա:

Երեխաները նաև ինքնուրույն լինելու մեծ ձգտում ունեն: Երեխայի համար շատ կարևոր է, որ նրա կյանքի ցանկացած փուլում իրեն ընդունեն ոչ որպես մանուկի: Միշտ ասեք նրան, թե որքան է նա մեծացել: Նման վերաբերմունքը բարձրացնում է երեխային իր իսկ աչքում: Բացի այդ, նա փորձում է իրեն պահել որպես մեծահասակ: Երեխայի կամակորությունը հաղթահարելու համար, սակայն, երկար ժամանակ է հարկավոր:

Եթե ուզում եք, որ ձեր երեխան կամակորություն չանի, ապա.

 

• աշխատեք որքան հնարավոր է քիչ օգտագործել «չի կարելի» արտահայտությունը

• արգելեք միայն այն, ինչը կարող է վտանգավոր հետևանք ունենալ

• ավելի հաճախ երեխային առաջարկեք անել այն, ինչ ինքն է ուզում

• եթե ուզում եք, որ երեխան ինչ-որ բան անի, բացատրեք դրա կարևորությունը և նպատակը

• երբեք ուժ մի՛ գործադրեք՝ ստիպելով երեխային ինչ-որ բան անել

• լավագույն պատիժն է չկատարել երեխայի պահանջը կամ զրկել նրան, օրինակ, սիրելի խաղալիքից:

 

Ինչպե՞ս հաղթահարել կամակորությունը

 

• Կանխե՛ք կամակորությունը դրա դրսևորման հենց սկզբնական շրջանում

• Թույլ մի՛ տվեք, որ երեխան կենտրոնանա կամակորության վրա

• Ուշադրություն մի՛ դարձրեք երեխայի կամակորություններին, այսինքն՝ հնարավորության դեպքում այնպես ձեզ պահեք, կարծես դա ձեզ չի անհանգստացնում, որպեսզի փոքրիկն իր կամակորությունը շանտաժի չվերածի

• Ոչ մի դեպքում մի՛ զիջեք, եթե վստահ եք, որ ճիշտ եք

• Շեղե՛ք երեխայի ուշադրությունը որևէ այլ զբաղմունքով կամ կատակով

• Պատմե՛ք երեխային, թե որքան է ձեզ տխրեցրել իր կամակորությամբ

• Հաշտվե՛ք երեխայի հետ և դժգոհություն ցույց մի՛ տվեք կոնֆլիկտը հաղթահարելուց հետո

• Ցույց տվեք երեխային, որ նրան սիրում եք

 

Եթե երեխան ունի վատ ախորժակ, չի ուզում պառկել քնելու կամ անկողնուց վեր կենա, այսինքն՝ օրգանիզմի կենսաբանական գործողությունների հետ կապված խնդիրներ կան, սա կարող է լինել ոչ թե կամակորություն, այլ հիվանդության ախտանիշ:

Նման պարագայում ցանկալի է դիմել բժշկի:

 

Նյութը պատրաստվել է՝ հիմք ընդունելով մասնագիտական խորհրդատվությունը։