Ինչպե՞ս կարելի է ծնող-երեխա հարաբերություններում հասնել լիարժեք ընդունման և սիրո․ ներկայացնում է հոգեբանը

Դաստիարակություն

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Ծնող-երեխա փոխհարաբերությունները հարաբերությունների բարդ տեսակներից են, որովհետև այստեղ կան մի շարք առանձնահատկություններ, որոնք չկան այլ տեսակի հարաբերություններում: Առաջին հերթին դասական իմաստով փոխադարձ վերաբերմունք ակնկալելն անհնար է և անհեթեթ: Այստեղ հարաբերությունները մեկ ուղղությամբ են ընթանում: Այսինքն՝ ծնողներն ինչ-որ բաներ տալիս են երեխաներին, իսկ երեխաներն այդ ամենը լիարժեքորեն վերադարձնելու հնարավորություն չեն ունենում: Սա որոշակի յուրահատուկ երանգ է փոխանցում: Հարցեր են ծագում՝ արդյո՞ք մենք գիտակցում ենք այս նրբությունները և չենք ակնկալում փոխադարձություն, արդյո՞ք այդ փոխադարձությունը հնարավոր է այս հարաբերություններում:

Մյուս կարևոր առանձնահատկությունը փոխադարձ կախվածությունն է, որ կա ծնող-երեխա հարաբերություններում: Այդ կախվածությունն ազդեցություն է ունենում սիրո դրսևորման տեսանկյունից: Երբ որևէ հարաբերության մեջ կա կախվածություն, սիրո մասին խոսք չի կարող լինել: Սերը կարողանում է լիարժեքորեն դրսևորվել, երբ հարաբերության երկու կողմերը հասնում են անկախության որոշակի մակարդակի: Մենք կարողանում ենք տեսնել, ճանաչել, հասկանալ, ամբողջովին ընդունել և սիրել մեր բալիկներին (կամ ծնողներին), երբ նրանք մեծանում են և դառնում անկախ անհատներ:

Ծնող-երեխա փոխհարաբերությունների մյուս առանձնահատկությունը վերաբերում է ակնկալիքներին, որոնք ձևավորվում են մեր՝ ծնող-երեխա հարաբերությունների մասին ունեցած պատկերացումների հիման վրա: Ծնողներից շատերը փոքրիկին ընկալում են որպես իրենց շարունակություն կամ դիտարկում նրան մեկ ամբողջության մեջ: Դժվարանում են ընկալել երեխաներին որպես տարբեր և առանձին մարդիկ: Այս ընկալումները հանգեցնում են ներքին կոնֆլիկտների, առաջացնում են բարդություններ: Հետևաբար շատ կարևոր է փոխկախվածության դադարեցումը։ Յուրաքանչյուր երեխա իր զարգացման ուրույն ճանապարհն ունի, և ծնողների ազդեցությունն այս զարգացման պրոցեսի, երեխայի անձի ձևավորման վրա այնքան չէ, որքան նրանք են պատկերացնում։ Նրանք ավելի մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա երեխայի անձի ձևավորման առումով, քան կա իրականում։ Հաշվի առնենք, որ այդ ամենում դերակատարում ունեն դպրոցը, միջավայրը, ժամանակաշրջանը, գրականությունը, մեդիան։ Տվյալ հարաբերություններում կարելի է լիովին հասնել ընդունման և սիրո միայն յուրաքանչյուրի տարբերություններն ու իրար նման չլինելը ընդունելու պարագայում։