Երեխայի դաստիարակությունը ևս պահանջում է հետևել որոշ կանոնների, որոնցից առանցքային են հատկապես կարգապահությունն ու հասկացված լինելու հանգամանքը։ Ստորև կներկայացնենք 4 մոտեցում, որոնք անհրաժեշտ են երեխայի դաստիարակության գործում։
Դասակարգված առօրյա
Որպեսզի երեխան չլինի ցրված, անուշադիր, պետք է նրա համար սահմանել օրակարգ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը։ Իհարկե, երբեմն կարելի է շեղվել օրակարգից՝ կատարելով հիմնական պարտավորությունները՝ ճիշտ ժամին սնվել, լողանալ, դասերը կատարել, քնել։ Երեխայի օրակարգում պետք է տեղ գտնեն զբոսանքը, խաղերը։ Եթե ունեք հնարավորություն, ապա երեխայի համար առանձին խաղասենյակ ստեղծեք, որպեսզի նա այնտեղ անցկացնի իր ազատ ժամանակը։ Գնեք զարգացնող խաղեր և ինքներդ էլ փորձեք խաղալ երեխայի հետ։
Պաշտպանվածության և հասկացվածության զգացում
Երեխան պետք է զգա, որ հայրիկն ու մայրիկը նեցուկ են իրեն։ Երբ երեխան որևէ վատ բան է արել, առաջին հերթին լսեք նրան, փորձեք հասկանալ իր տեսակետը, հետո բացատրեք, որ սխալ է, և լավ կլիներ, որ այլ կերպ վարվեր այդ իրավիճակում։ Երեխայի մոտ ստեղծեք վստահության, ապահովության զգացում։ Վստա՛հ եղեք՝ այդ պարագայում որևէ խնդրի դեպքում երեխան կդիմի հենց Ձեզ և ոչ թե վախից դրդված՝ գաղտնի կպահի տեղի ունեցածը։
Ոչ թե ամեն ինչ, այլ խելացի ընտրություն
Երեխային պետք է ապահովել ոչ թե ամեն ինչով, այլ այն ամենով, ինչն անհրաժեշտ է և այնքանով, որ նրա մոտ չկորչի ջանք գործադրելու և ձեռք բերածը փայփայելու հատկանիշը։ Չարժե երեխային նվիրել կամ գնել ցանկացած բան, որ նա ուզում է, նույնիսկ եթե ունեք դրա ֆինանսական հնարավորությունը։ Ամեն ինչ հեշտորեն ձեռք բերելու պարագայում երեխայի մոտ մարում է ձգտելու, պայքարելու և նպատակին հասնելու համար ջանք թափելու մղումը։ Բացի այդ, նրա աչքին արժեզրկվում է նաև ունեցածը, նա կարող է անփույթ ու չխնայող լինել, անգամ չսրտնեղել, երբ խաղալիքը կամ, օրինակ, հեռախոսը փչացրել կամ կորել է, չէ՞ որ առանց ջանքի է հասել դրան և շատ արագ նորը կունենա։
Գովեստ
Երբ երեխան որևէ լավ բան է անում, գովե՛ք նրան, ասեք, թե որքան եք հպարտանում իրենով, թե որքան եք սիրում իրեն, որքան կարևոր է նա Ձեր կյանքում։
Պատասխաններ բոլոր հարցերին
Զրուցե՛ք նրա հետ տարբեր թեմաների շուրջ, պատասխանե՛ք նրան հուզող բոլոր հարցերին։ Հավատացեք՝ իր հարցերի պատասխանները նա փորձելու է գտնել այլ ուղիներով, այնպես որ անպատասխան մի՛ թողեք նրան։