«Մյուսներից լավը լինելը դեռ ոչինչ չի նշանակում». հոգեբանը՝ երեխաներին համեմատելու մասին  

Դաստիարակություն

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Երեխային միշտ պետք է համեմատել իր նախկին արդյունքի հետ և ցույց տալ իր հնարավոր արդյունքները, որոնց նա կարող է հասնել: Այլ երեխաների հետ լավ կամ վատ առումով համեմատությունները միշտ բացասական արդյունք են ունենում: Մի դեպքում երեխան մտածում է, որ վատն է ուրիշներից, մյուս դեպքում մտածում է, որ լավն է ուրիշներից... երկու դեպքերն էլ չեն զարգացնում երեխային: Այս հարցը ուղղակիորեն կապվում է  ներքին և արտաքին մոտիվացիոն մեխանիզմների հետ: Ասեմ՝ ինչպես:

Իհարկե, երբեմն կարելի է երեխային ասել՝ «ապրե՛ս, դու նկատեցիր ու վազեցիր տատիկին օգնելու, դա շատ լավ արարք է»: Երեխան, իհարկե, կհասկանա, որ ինքը միակն էր, որ դա արեց, իսկ մյուս բալիկները չարեցին: Բայց դա կլինի արդեն իր ներքին դիտարկումը, այլ ոչ դրսից մատնանշում, որ ուրիշներից լավ իմաստով տարբերվելը շատ կարևոր բան է: Հատուկ համեմատելն ու ասելը, որ դու դա արեցիր, իսկ մնացածը՝ ոչ, պարզապես ստիպում է երեխային կենտրոնանալ նրա վրա, որ ինքը մյուսներից ավելի լավը լինի, ոչ թե ինքը իր հնարավորությունները զարգացնի: Հիշեք՝ երբեմն մյուսներից լավը լինելը դեռ ոչինչ չի նշանակում: Եթե բոլորը թքում են գետնին, իսկ դու չես թքում, դա դեռ չի նշանակում, որ դու հրաշք ես, կամ, եթե դու ծխախոտի տուփը աղբամանն ես նետում, դա դեռ քեզ մեդալ տալու առիթ չէ, նույնիսկ եթե բոլորն այլ կերպ են վարվում:

Պետք է երեխային ասել՝ «կեցցե՛ս, քեզ մոտ այս անգամ ավելի լավ ստացվեց, քան նախորդ անգամ..., դու լավագույնս դրսևորեցիր քեզ..., դու բոլոր ջանքերը ներդրեցիր հաջողության հասնելու համար..., դու չխնայեցիր քեզ..., դու չալարեցիր..., դու համարձակ էիր..., կամ ասել, դու անցյալ անգամ ավելի ուշադիր էիր, այսօր բացթողումներ շատ արեցիր..., դու մի քիչ կասկածեցիր քո ուժերի մեջ, դա քեզ խանգարեց..., դու մտածում էիր միայն հաղթանակի մասին, դու վախեցար պարտվելուց..., արի փորձենք ավելի լավ անել, ինչ է պետք դրա համար...»:

Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխան զարգանա, մենք պետք է երեխայի ներսում գործելու ՆԵՐՔԻՆ, ոչ թե արտաքին մոտիվացիան զարգացնենք: Ուրիշների հետ համեմատությունները ԱՐՏԱՔԻՆ մոտիվացիա են ստեղծում, և երեխան հետագայում միայն արտաքին խրախուսման ու արգելանքի միջոցով իրեն կկառավարի: Իսկ ներքին պատճառներ ունենալու դեպքում նա ինքն իրեն կկառավարի ու կհամեմատի միայն իր արժեքների ու սկզբունքների հետ՝ անկախ նրանից, թե ինչ են անում կողքինները: