Սիրելի փոքրիկ, այսօր տոն է: Այսօր` մայիսի 28-ին, հայերս նշում ենք պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնը:
102 տարի առաջ` 1918-ի մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Սակայն անկախության ճանապարհը դյուրին չէր. մայիսի 22-30-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ հայությունը գոյության պայքար էր մղում թուրքական զորքերի դեմ: Շնորհիվ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի՝ հայերը կարողացան փրկել թուրք զավթիչներից իրենց հայրենիքը և մայիսի 28-ին Հայաստանը հռչակեցին անկախ հանրապետություն:
Նորանկախ հանրապետությունը խորհրդարանական էր, առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր:
Դժվարին ժամանակներ էին հայության համար. Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր գաղթականներ անօթևան, քաղցած ու անօգնական ապաստան էին գտել հայրենիքի փրկված փոքրիկ հատվածում: Սակայն անկուշտ թուրքրեը ցանկանում էին հայերից խլել նաև հայրենիքի վերջին մնացորդները` Արևելյան Հայաստանը: Նորանկախ երկրի ղեկավարությունը ստիպված էր միաժամանակ և՛ մարտեր մղել թուրքական բանակի դեմ, և՛ մտածել քայքայված տնտեսությամբ ու հումանիտար աղետի եզրին կանգնած երկիրը վերականգնելու մասին:
Ցավոք, Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2,5 տարի: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց և հռչակվեց Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը:
Սակայն այդ երկուսուկես տարիները հիմք դարձան, որպեսզի փրկվի մեր հայրենիքը, որ հայերիս մեջ ամրապնդվի ու պահպանվի պետականության գաղափարը: 1918-ի մայիսի 28-ի շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք անկախ հայրենիք` Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:
Սիրելի փոքրիկ, վստահ ենք, որ դու արժանի հետնորդն ես մեր քաջ նախահայրերի, որոնց հաղթական պայքարի շնորհիվ մենք այսօր կանք: Սիրելի փոքրիկ, դու ես մեր երկրի ապագան, բոլորիս վաղվա կերտողը: Եվ, վստահաբար, չես մոռանա մեր նախնիների քաջագործությունները, դեռ ավելին, գուցե ավելի մեծ գործեր կատարես, որոնք հավերժ կգրվեն անկախ Հայաստանի պատմության էջերում: